Թշնամու կրակոցների պատճառով ձախողվել են Սոթքի հանքավայրում աշխատանքները վերսկսելու փորձերը. աշխատակիցները գտնվում են հարկադիր վճարովի պարապուրդում

Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները, որոնք ապօրինաբար ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, Գեղարքունիքի մարզում կրակում են ոչ միայն խաղաղ բնակավայրերի, այլև Սոթքի հանքավայրի վրա՝ խոչընդոտելով հանքի բնականոն աշխատանքները։

Ադրբեջանական կրակոցների հետևանքով վերջին շրջանում հանքավայրում պարբերաբար դադարեցվում էին աշխատանքները՝ աշխատակիցների անվտանգության նկատառումներից ելնելով։

Վերջին օրերին տարաբնույթ և հակասական  տեղեկություններ շրջանառվեցին Սոթքի հանքավայրում աշխատանքների դադարեցման մասին, նախ մամուլում լուրեր տարածվեցին, թե ընդհանրապես դադարեցվելու են աշխատանքները, ինչը հետագայում հերքվեց, և ասացին, թե  երկու ամսով է դադարեցվում, և աշխատակիցներին էլ ուղարկել են չվճարվող հարկադիր արձակուրդի։

168.am տեղեկություններով՝ հանքավայրում աշխատանքները դադարեցվել են ոչ թե երկու, այլ մեկ ամսով։

Կարդացեք նաև

Այդ տեղեկությունների համաձայն՝ հանքավայրը կրակոցների պատճառով չի աշխատում ապրիլի 15-ից։ Աշխատանքները վերսկելու բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ Ադրբեջանը մշտապես կրակել է հանքավայրի ուղղությամբ, որի պատճառով աշխատանքները վերսկսելու բոլոր փորձերը չեղարկվել են։ Ապրիլի 15-ից Սոթքի հանքավայրի աշխատակիցները գտնվում են հարկադիր վճարովի պարապուրդում, ստանում են աշխատավարձի 2/3-ը։ Շուտով կլրանա հարկադիր պարապուրդի մեկ ամիսը, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչ է պատրաստվում անել հանքավայրի տնօրինությունը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով հանձնվեց Քարվաճառի շրջանը, իսկ պատերազմից հետո նրա հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի իմացությամբ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի բոլոր բարենպաստ դիրքերը հանձնվեցին թշնամուն, Սոթքի հանքավայրի մի մասի հսկողությունը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից զատ, 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք և դիրքավորվեցին, որի արդյունքում էլ ավելի վատթարացավ հայկական բնակավայրերի անվտանգության հարցը, խաթարվեց նաև Սոթքի հանքավայրի բնականոն աշխատանքը։

Տեսանյութեր

Լրահոս