«Թշնամու կրակոցների հատվածում աշխատանքները դադարեցվել են, Ամարասի հատվածում շարունակում ենք». Սարուշենի գյուղապետ
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
«Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ, Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիների և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։ Հուլիսի 10-ին` ժամը 9։30-ից ժամը 10։45-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ղեկավար Կարեն Գասպարյանն ասաց, որ, փառք Աստծո, որևէ մեկը չի վնասվել, պարզապես այդպես թշնամին խանգարում է գյուղատնտեսական աշխատանքներին։
«Ո՛չ կոմբայնը, ո՛չ կոմբայնավարը վնասներ չեն կրել։ Հիմա թշնամու այդ կրակոցների հատվածում աշխատանքները դադարեցվել են, սակայն Ամարասի հատվածում շարունակում ենք բերքահավաքը։ Կրակոցները գյուղի տարածքում են եղել, բայց հիմա մենք Ամարասի հատվածում աշխատում ենք»,- նշեց Կարեն Գասպարյանը։
Նա դժվարացավ ասել, թե թշնամին ի վերջո նման կրակոցներով ինչ նպատակ է հետապնդում, բայց մեկ բան հաստատ է, որ խանգարում է բերքահավաքին։
«Բերքահավաքի ժամանակ լինում է, որ ռուս խաղաղապահները գալիս կանգնում են այդ հատվածներում, մենք աշխատում ենք։
Չենք կարող հստակ ասել, թե երբ է թշնամին կրակում, օր է լինում՝ մշտապես կրակում է, օր էլ կա՝ առհասարակ չի կրակում։ Այնպես է, որ եթե գյուղը թիրախավորեն ու կրակեն, կհասնի, բայց դեռ կոնկրետ գյուղը չեն թիրախավորել»,- եզրափակեց Կարեն Գասպարյանը։
Արդեն 212-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը թույլ չի տվել, որպեսզի Կարմիր Խաչի մեքենաներն Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղաշարժվեն։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ որևէ հումանիտար բեռ տեղափոխվի Արցախ։