«Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, ապա այդ ամենը հանգեցնելու է ավելի ծանր հետևանքների». Կարեն Միրզոյան

Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, օրեր անց այնտեղ տեղադրեց մաքսակետ՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։ Բերձորի ճանապարհը դեկտեմբերի 12-ից փակած ադրբեջանական կեղծ «բնապահպանները» մաքսակետերի տեղադրումից հետո հայտարարեցին, որ ժամանակավոր բացում են ճանապարհը, քանի որ իրենց պահանջների մի մասը կատարվել է: Այսինքն, կարելի է կարծել, որ նրանց պահանջների կատարված մասը վերաբերում էր մաքսակետ տեղադրելուն: Այդուհանդերձ, ակտիվիստների դուրս գալուց հետո այդ ճանապարհը փակեցին և ադրբեջանական ոստիկանության, և ուժային այլ կառույցների ներկայացուցիչները։ Արդյունքում՝ արդեն 141 օր է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, իսկ վեց գյուղեր՝ Լիսագորը, Մեծ Շենը, Հին Շենը և Եղցահող համայնքը՝ իր գյուղերով, գտնվում են տոտալ շրջափակման մեջ՝ չեն կարողանում հասնել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանն ադրբեջանական մաքսակետի տեղադրումն ու դրա հետևանքները գնահատեց՝ որպես շատ վտանգավոր զարգացում։

«Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, ապա այդ ամենը հանգեցնելու է ավելի ծանր հետևանքների։

Այն, որ նման անցակետ տեղադրվելու է և ունենալու է նման հետևանքներ՝ բազմիցս խոսվել է, սա որևէ մեկի համար չպետք է անակնկալ լիներ։ Նախ՝ այն պետական պաշտոնյաները, որոնք կոչված են զբաղվել այս հարցերով, ցավոք, որևէ քայլ չեն ձեռնարկել, և նրանց անգործությունը հանգեցրել է նման հետևանքների։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այս խնդրի լուծման ճանապարհներին, ապա ակնհայտ է, որ հնարավոր չէ խնդիրը լուծել միայն դիվանագիտական ճանապարհով, այլ հնարավոր է դիվանագիտական ու այլ միջոցների համադրմամբ»,- նշեց Կարեն Միրզոյանը։

Հարցին՝ այդ ուղղությամբ նկատո՞ւմ է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող անհրաժեշտ քայլեր, Կարեն Միրզոյանը պատասխանեց, որ պետք է խոսել այն տեղեկատվության մասին, որը հասանելի է ողջ հանրությանը։ Հետևաբար՝ դատելով այդ ամենից, ինչ-որ քայլեր արվում են, բայց թե որքանո՞վ են դրանք արդյունավետ՝ դժվար է եզրակացություն անել։

«ՀՀ ներկայիս իշխանությունը, վարչակազմն անընդհատ ինչ-որ քայլեր է անում, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանց արդյունավետությունը զրոյականին մոտ է, և այդ ամենը հանգեցնում է իրավիճակի հետագա վատթարացմանը։ Այսօր իսկապես դրված է Արցախի գոյության հարցը, վտանգված է նաև Հայաստանի գոյությունը»,- շեշտեց Արցախի նախկին ԱԳ նախարարը։

Հարցին՝ եթե ՀՀ իշխանությունն ինչ-որ քայլեր ձեռնարկում է, այդուամենայնիվ զուգահեռաբար հնչեցվող հայտարարությունները չե՞ն խոչընդոտում այդ քայլերի արդյունավետ իրականացմանը, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս», կամ, օրինակ, «եթե Արցախը պետք է ինքնորոշվի, ապա պիտի ինչ-որ երկրի կազմի մեջ մտնի, որպեսզի ինքնորոշվի», Կարեն Միրզոյանը պատասխանեց, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ չի ուզում խոսել, քանի որ դրա մասին բազմիցս արդեն խոսվել է։

«Միայն մեկ բան կարող եմ ասել՝ սա վկայում է այն մասին, որ ներկայիս իշխանությունները շատ թյուր պատկերացում ունեն ոչ միայն Արցախի բանակցային գործընթացի, այլև առհասարակ բանակցությունների և հակամարտությունների կարգավորման գործընթացի մասին»,- եզրափակեց Կարեն Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս