Արցախի ու արցախահայության իրավունքների հարցը բանակցային սեղան տանելու միակ քաղաքական մեթոդը ՀՀ-ում իշխանափոխությունն է. Կարեն Միրզոյան
Օրերս ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանրությանը կոչ էր արել ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի նրանք բանակցային օրակարգ բերեն Արցախի ու արցախահայերի հարցը։
Նախկին նախարարն ասել էր, որ եթե արցախահայության հավաքական վերադարձի հարցը միջազգային երաշխիքների ներքո Հայաստանի կողմից բերվի բանակցային օրակարգ, ապա կլինի միջազգային հանրության աջակցություն։
«Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ահավասիկ այստեղ է, որ ուզում եմ վկայակոչել Տոյվո Կլաարի ասածը, միանշանակ նա նույնն է ասում։ Նա խոսում է Եվրամիության անունից և ասում է, որ Ադրբեջանը պարտավորություն ունի անդրադառնալու այս հարցին, և այս հարցը պետք է լինի օրակարգային։
Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, կոչ եմ անում արցախահայությանը, հայ ժողովրդին առհասարակ, այս հարցն աչքաթող մի արեք, սա մեր պատասխանատվության խնդիրն է, ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է։ Արցախահայությունը, հայ ժողովուրդը նման ճակատագրի է արժանացել ՀՀ այսօրվա իշխանությունների սխալների պատճառով»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել էր ՀՀ նախկին արտգործնախարարը։
Արցախի Հանրապետության հասարակական ու քաղաքական ներկայացուցիչները վստահ են, որ Արցախի հարցը հնարավոր է բանակցային օրակարգ վերադարձնել միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ում կփոխվի իշխանությունը։ Իսկ ներկա իշխանությունների օրոք այդ ամենն ուղղակի անհնար է։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը նույնպես համոզված էր՝ Արցախի հարցը կարող է բանակցությունների մաս դառնալ ՀՀ-ում իշխանափոխության դեպքում։
«Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, քանի որ օրվա իշխանությունը բացահայտ ցուցադրում է, որ նպատակ չունեն տեր կանգնել թե՛ Արցախի հարցին, թե՛ Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքներին։ Այսինքն՝ միակ քաղաքական մեթոդը ՀՀ-ում իշխանափոխությունն է և այնպիսի քաղաքական ուժի իշխանության ղեկին գալը, որը տեր կկանգնի ոչ միայն արցախահայությանը, այլև ոչ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։
Սա միայն իմ կարծիքն է, կարծես բոլորն էլ այս հարցում միակարծիք են այդ առումով։ Ամեն դեպքում, իմ գնահատականով՝ կա հանրային կոնսենսուս, որ այսօրվա իշխանությունները չեն պատրաստվում գնալ այդ ճանապարհով՝ բանակցային սեղան բերել Արցախի ու արցախահայության հարցը»,- նշեց Կարեն Միրզոյանը։
Արցախի նախկին ԱԳ նախարարի խոսքով՝ որևէ կասկած չկա, որ այսօր հասարակական հատվածը գոնե պետք է ակտիվ աշխատանքներ տանի Արցախի հարցն առաջ մղելու ուղղությամբ, սակայն պետք է հասկանան, որ նման մասշտաբի հարց հնարավոր չէ լուծել հանրային նախաձեռնության մակարդակով։
«Ի վերջո, մենք ունենք պետություն, պետականություն, որը ոչ թե ինչ-որ մի քաղաքական ուժի վերցրած մենաշնորհ է, այլ այն բոլորի պետականությունն է։ Պետությունն է, որ նախևառաջ պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի»,- եզրափակեց Կարեն Միրզոյանը։