Մանասյանի ակնարկները. թերարժեքության բարդո՞ւյթ, թե՞ մրցավազք
«Նախ նշեմ, որ ես ընդհանրապես կաշկանդված եմ մի բանով՝ իրավունքով, իրավական և մարդկային արժեքներով: Հետևաբար, ամբողջ իմ գործունեությունը կառուցված է դրա վրա: ՄԻՊ մանդատին ու գործունեությանն եմ այս պարագայում ստիպված արձագանք կատարել, որովհետև անընդհատ եմ տարբեր տեսակի մեկնաբանություններ լսում այս մասով, հետևաբար՝ մի քանի կարևոր հանգամանք այս առումով կընդգծեմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը՝ մինչ անդրադառնալն այն հարցին, թե ինչո՞ւ հասցեական գնահատականներ չի հնչեցնում:
Ուշագրավ էր, սակայն, որ սովորաբար ընդհանրական, որևէ մեկին նեղացնել չփորձող Մանասյանն իր խոսքի հաջորդ հատվածում բավական թափանցիկ ակնարկ արեց:
«Նախ նշեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող՝ սուբյեկտային իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական բողոքներին և անհատական գործերին: Հետևաբար՝ կոնկրետ գործերին գնահատական տալը նշանակում է դրան նախորդող օրենքով սահմանված գործընթացներ և առնվազն, օրինակ, պետական մարմիններից, իրավասու սուբյեկտներից պարզաբանումներ ստանալ»,- ասաց Մանասյանը:
Եվ թեպետ վերջինս նշեց, որ իր բոլոր նախորդներին բացառիկ հարգանքով է վերաբերվում, ու ոչ ոքի չի ակնարկում, նրանց գնահատական չի տվել, այն, որ լրագրողներն անմիջապես արձագանքեցին՝ «Ուզում եք ասել՝ Արման Թաթոյանը ստատուս գրո՞ղ է», արդեն իսկ բավարար ցուցիչ է:
Անահիտ Մանասյանի կարծիքով՝ ՄԻՊ-ը հայտարարություն տարածող չէ, ստատուս գրող չէ, հասցեական գնահատականներ տվող չէ… Բա ո՞վ է… Պաշտպանի մասին օրենքում փոփոխություն է եղել, ու մենք տեղյա՞կ չենք… Ո՞վ է ՄԻՊ-ը, բացի բարոյախրատական ճառեր ասելուց ու ամեն ինչի մասին, բայց ոչ մի բանի մասին չխոսելու սուբյեկտից:
Ստատուս գրելու մասին: Հետաքրքիր է՝ սա Անահիտ Մանասյանի՞ ձևակերպումն է, թե՞ ՔՊ-ական վերնախավի կարծիքը, որ միգուցե այնքան են կրկնել, որ արմատացել է գործող ՄԻՊ-ի ենթագիտակցության մեջ: Ավելին, միգուցե այդ դեպքում նույն Մանասյանը բացատրի՝ իսկ ի՞նչ սուբյեկտ են պատերազմական և անվտանգային ճգնաժամի մեջ գտնվող, տնտեսական, սոցիալական ծանր վիճակում, արտաքին լրջագույն մարտահրավերներ ապրող երկրում վարչապետի աթոռը զբաղեցնող և ֆեյսբուքներում ստատուսներ գրող և հաճախ պետական գաղտնիք հանդիսացող, թշնամու օրակարգը սպասարկող տեղեկություններ հայտնող Նիկոլ Փաշինյանը, նրա կինն ու թիմը:
Վերադառնալով ՄԻՊ գործառույթներին:
Իսկապես, ի՞նչ գործիքակազմ ունի ՄԻՊ-ը, բացի հայտարարություններ անելուց ու դրանք նաև սոցիալական ցանցերում տարածելու՝ մանասյանական պրիմիտիվացված «ստատուս գրելու» հնարավորությունից, որոնք հետագայում ընդգրկվում են տարատեսակ զեկույցների մեջ, այդ թվում նաև՝ միջազգային:
Որևէ ՄԻՊ, ով ուզում է լինի, կարո՞ղ է անհատական գործերով զբաղվելով, հաջողություն ունենալ, եթե չունենա հանրային հեղինակություն, իսկ ՄԻՊ-ն ուժեղ է նաև հանրությամբ, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքով, ի դեպ, նաև լրագրողների հետ համագործակցությամբ:
Տեղին է հիշել, որ, օրինակ, իր նախորդը՝ Քրիստիննե Գրիգորյանը, անգամ տարեց մարդկանց տուն-ինտերնատ գնալիս հրավիրում էր միայն Հ1-ի լրագրողներին: Չենք պնդում, որ այլ միջոցառումների այլ լրատվամիջոցներ չեն հրավիրվել, բայց փաստ է, որ նա նախընտրում էր լրագրողների հետ շփման բավականին նեղ շրջանակ:
Մարդու իրավունքների պաշտպանը չունի իշխանական կարգադրիչ, իմպերատիվ կատարում ենթադրող լիազորություններ, և բնական է (ու այդպես էլ կա), որ ՄԻՊ-ն աշխատում է իր հեղինակության ուժով:
Նախկինում էլի ենք նշել՝ ՄԻՊ աշխատանքը ենթադրում է հրապարակային գործունեություն, և պարտավոր է հանրային զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային դիրքորոշում հայտնել: Եվ ինչքան էլ Անահիտ Մանասյանը խուսափի դրանից, ինքը ստիպված է լինելու դա անել, եթե ուզում է կայանալ որպես ՄԻՊ:
Դիրքորոշում չհայտնող, իր բառերով ասած՝ «ստատուս չգրող» ՄԻՊ-ը ակնհայտորեն խնդիր է ունենում հանրային հեղինակության հետ, և պարզ է, որ «ստատուս չգրելու» մասին հայտարարությունը ռևերանս է կառավարությանը ու ձեռնտու է բացառապես նրան՝ Փաշինյանին ու նրա թիմին:
Վերադառնանք Անահիտ Մանասյանի ակնարկին:
Ակնհայտ է, որ նրա ասածն ասոցացվելու էր Արման Թաթոյանի հետ, ով հատկապես պատերազմից հետո, թեպետ նաև դրանից առաջ (հիշենք, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակման օրը նրա դատապարտող հայտարարությունը.- Գ.Ս.) մշտապես հանրային զգայունություն ունեցող հարցերով կոնկրետ դիրքորոշում էր հայտնում՝ չվախենալով իրավասու պետական մարմինների հետ առճակատումից, տարբեր տրամաչափի ՔՊ-ական գործիչների, ֆեյքերի կազմակերպված հարձակումներից, անձին հասցվող վիրավորական արտահայտություններից:
Դրանք հրապարակային վեճեր էին պաշտպանության, սոցապ նախարարների, Բարձրագույն դատական խորհրդի, այլ մարմինների հետ:
Ինչո՞ւ էր Անահիտ Մանասյանն անում մի արտահայտություն, որը բացահայտորեն ասոցացվելու էր Արման Թաթոյանի հետ, և որը իշխանական քարոզի մաս է կազմում, և դժվար թե նա չիմանար այդ մասին:
Ինչո՞ւ էր պետք հրապարակային դաշտ բերել իշխանական դիրքորոշումը, թերևս կիմանա ինքը՝ Մանասյանը, բայց այն, որ դա առնվազն գեղեցիկ չէր, եթե անգամ անզգուշություն էր, ապացուցման կարիք չունի:
Եվ արդյո՞ք Արման Թաթոյանը «ստատուս գրող էր», երբ վերջինս հավաքագրում էր փաստերն ու հրապարակում, զուգահեռ հայտարարություններ էր անում, որ հանրային արձագանքի ուժով ստիպի լուծել այս կամ այն հարցը:
Մի ուշագրավ հայտարարություն էլ արեց Անահիտ Մանասյանը, երբ նրան ասացին, որ իրեն մեղադրում են Մարդու իրավունքների հանձնաժողովի տխրահռչակ նիստին իր մասնակցությունը շարունակելու մասին, այն նույն նիստին, որի ընթացքում ՔՊ-ական պատգամավորներն իրենց խուլիգանի պես էին պահում, իսկ հենց իրեն ներկայացնող Արթուր Հովհաննիսյանն էլ սպառնում էր ականջ ու լեզու կտրելով:
«Դատապարտելուց առաջ, օրինակ, միգուցե հարց բարձրացվի, թե օրինակ, ինչո՞ւ չէին դատապարտում մինչ այդ իմ նկատմամբ հնչած վիրավորանքի, ակնհայտ անհարգալից վերաբերմունքի, իմ նկատմամբ հնչած բռնության կոչերի կապակցությամբ»,- հարց հնչեցրեց ՄԻՊ-ը՝ նշելով, որ իր խոսքը չի վերաբերում քաղաքական ուժերին կամ մի նիստին, այլ ընդհանուր իրավիճակին: Ասաց նաև, որ դրանց առնչությամբ ինքը չի ընտրել պարզապես հակադարձելու մեթոդաբանություն, որովհետև կարծում է՝ դա ավելի շատ է գեներացնում առկա բացասական երևույթները:
Դատապարտում ենք, իհարկե, թեպետ բռնության կոչը նորություն էր, բայց Անահիտ Մանասյանը լավ կանի ամեն դեպքում դիմի իրավապահներին: Բռնության կոչերը մերօրյա Հայաստանում լավ տեղ սովորաբար չեն տանում:
Մանրամասները՝ տեսանյութում: