Քանի որ այս տարի Վիկտոր Հաբարձումյանի 115-ամյակն է, միտք առաջացավ մեծ գիտնականի արձանը տեղադրել հրապարակում. Սուրեն Աբովյան
Վանաձոր համայնքի ավագանին ապրիլի 26-ին հաստատեց ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ-առաջարկը։
Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քանդակագործը Գեղամ Բեկջանյանն է, ճարտարապետները՝ ինքն ու Էդիկ Պետրոսյանը: Արձանը լինելու է բրոնզից:
«Ընդհանուր առմամբ Վիկտոր Համբարձումյանի հրապարակը սուբվենցիոն ծրագրով պետք է վերականգնվեր, նորոգվեր, կից պուրակ կառուցվեր: Եվ, քանի որ այս տարի Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակն է, միտք առաջացավ մեծ գիտնականի արձանը տեղադրել հրապարակում: Այս կերպ նաև փոքր սերնդի մեջ սեր կարթնանա գիտության հանդեպ: Նախատեսում ենք իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, բացումն անել»,- նշեց Սուրեն Աբովյանը:
Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը կարևորեց արձանը տեղադրելու մտահղացումը՝ նշելով. «Գիտության նկատմամբ հարգանքը կմեծանա: Իմաստ ունի ունենալ արձանը, քանի որ, եթե հին սերունդը գիտեր, թե ով է Համբարձումյանը, ապա երիտասարդների մեծ մասը չգիտի, ու այդ տեսակետից կարող է մի քիչ խթանել և այդ ուղղությամբ երեխաների մոտ մտածողություն զարգացնել»:
Հավելենք, որ աշխարհահռչակ գիտնական, աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձաններից մեկը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Երևանի աստղադիտարանի հարևանությամբ: Գիտնականին նվիրված կիսանդրի կա նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանում: