Տաքսու վարորդներն ու օղի թորող պսեվդոինտելեկտուալները՝ Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմում

Նիկոլ Փաշինյանի քարոզչական հսկայական բանակը բաղկացած է տարաբնույթ շերտերից ու տարբեր թիրախների վրա աշխատող մանիպուլյատորներից։ Ամենամեծ շերտադրումը, իհարկե, արված է «Պերֆեկտ tv»-ների ու ցածրարժեք այլ ռեսուրսների վրա, որոնցով իշխանությունն ազդում է ոչ թե մարդկանց մտքերի, մտածողության, դատողությունների, այլ ամենապարզագույն բնազդների վրա։

Բայց քանի որ մեր հասարակությունը, բարեբախտաբար, բաղկացած է նաև մտածող, այդ թվում՝ քննադատական մտածողություն ունեցող խավերից, իշխանությունը պարբերաբար փորձում է ներազդել նաև այդ շերտի վրա, որոնց զանազան փաթեթավորումներով, պսեվդոանալիտիկ ու պսեվդոինտելեկտուալ հիմնավորումներով ներկայացվում են կեղծ, մանիպուլյատիվ թեզեր։ Ընդ որում, որպես հարաբերականորեն «բարձր կարգի» քարոզչանյութեր, դրանք մատուցվում են նաև իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղմ քննադատությամբ՝ ներկայացվողի արժանահավատությունը բարձրացնելու նպատակով։

Այդպիսի քարոզչական թեզերի բազմազանության մեջ ամենագլխավորներից ու վտանգավորներից մեկը վերաբերում է Արցախի ու ղարաբաղյան հակամարտության պատմության նենգափոխմանը։ Պարբերաբար փորձ է արվում ղարաբաղյան հակամարտության պատմությունը կամ առնվազն դրա մի մասը հավասարեցնել այն աղետին, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, նրա մասնակցությամբ ու նաև մեղավորությամբ։

Այդ տրամաբանության շրջանակներում արցախյան հիմնախնդրի պատմությունը բաժանվում է երկու փուլի՝ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջան ու նրա առաջարկած կարգավորման տարբերակ, և հաջորդող 20 տարիներ, որոնց ընթացքում Հայաստանը ղեկավարել են Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Եվ ահա, այդ թեզը կառուցվում է այն կանխավարկածով, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր արցախյան հարցի լուծման՝ մեզ համար լավագույն տարբերակը, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ նրանից վերցնելով իշխանությունը, գնացին այնպիսի ճանապարհով, որը հանգեցնելու էր նրան, ինչն ավարտվեց պատերազմի աղետով ու Արցախի մեծ մասի կորստով։ Հետևաբար, որպես այս քարոզչաթեզի եզրահանգում՝ ներկայացվում է, որ այս աղետի համար հավասարապես մեղավոր են բոլորը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ու Նիկոլ Փաշինյանը հավասարապես։

Իրականում մակերեսային ընկալմամբ Նիկոլ Փաշինյանին իբրև թե քննադատող այս մոտեցումն իսկական նվեր է նրա համար, քանի որ դրանով նա նույն շարքում է հայտնվում Արցախի ազատագրման, Հայաստանի կայացման մեջ մեծ ներդրում ունեցած անձանց հետ։ Բայց խնդիրն անձինք չեն։ Խնդիրն ավելի խորքային է և վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային տարբերություններին, որոնք լղոզվում են բարեհունչ արտահայտություններով։ Այո, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր խնդրի կարգավորման տարբերակ, որին դեմ էին նրան հաջորդող նախագահները։

Բայց եթե Տեր-Պետրոսյանի տարբերակն այսօրվա հեռվից ներկայացվում է՝ որպես երանելի լուծում, ոչինչ չի ասվում այն մասին, որ հայեցակարգային առումով դրանից տարբերվող հաջորդող տարբերակները նույնպես, ի թիվս մյուսների, նաև Նիկոլ Փաշինյանի կողմից լկտիաբար խեղաթյուրվող մադրիդյան, կազանյան տարբերակները, իրագործման դեպքում ապահովելու էին միանգամայն այլ լուծում, Արցախի առնվազն միջանկյալ կարգավիճակ ու անվտանգության երաշխիքներ, որոնք այսօրվա համեմատ ոչ պակաս երանելի պետք է համարվեն։ Բայց իշխանական քարոզչամարտիկներն այդ մասին ոչինչ չեն խոսում և ընդամենը որպես հնարք առանձնացնելով Լևոն Տեր-Պետրոսյանին՝ փորձում են միևնույն հարթության վրա ներկայացնել Քոչարյանին, Սարգսյանին ու Փաշինյանին՝ բովանդակային առումով չտարբերվելով պայմանական տաքսու վարորդի՝ «այ ախպեր, սաղ էլ նույնն են» ախտորոշումից։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական-քարոզչական ներկայիս ողջ ռեսուրսը լծված է պատերազմում կրած խայտառակ պարտության ու դրան հաջորդած ու սպասվող նորանոր աղետների համար հնարավորինս շատ պատասխանատուներ ու մեղավորներ գտնելու, նշանակելու գործին։ Դրան ծառայում են բոլորը՝ սկսած ֆեյքային ֆաբրիկաների անդեմ ու անանուն բոթերից, վերջացրած ֆուտբոլային ակումբներում «ինտելեկտուալ մտավարժանքներով» զբաղվող առանձին օղի թորողներով, որոնք զբաղված են առաջինների էժանագին ստի բարեհունչ փաթեթավորմամբ։

Տեսանյութեր

Լրահոս