«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժողովրդի մի մասն է». Հենրիխ Դանիելյան
«Երեկ Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այս ժողովուրդը իրենն է, և նա համարում է իրեն այդ ժողովրդի մի մասը: Այսինքն՝ երբ մեր համագումարի ժամանակ նա ասում էր, որ սեփական ժողովրդից չի կարելի նեղանալ, նա նաև նկատի ուներ դա, որ այնպես է իրականացրել իր կառավարման գործընթացը, որ յուրաքանչյուր քաղաքացի տեսնելով Սերժ Սարգսյանին, մոտենում, բարևում է. ես երեկ ականատես եմ եղել, թե ինչպիսի վերաբերմունք էր նրա նկատմամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը, ով երեկ Սերժ Սարգսյանին ուղեկցում էր դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Այսօրվա չակերտավոր ժողովրդավարները, ովքեր սիրո, հանդուրժողականության քողի տակ եկան և իշխանազավթում իրականացրին, ժողովրդի հետ ընդհանուր աղերս այլևս չունեն: Նրանց կապը ժողովրդի հետ եղել է թվացյալ, ի սկզբանե կապ չեն ունեցել ժողովրդի հետ, որովհետև այսօր ակնհայտ տեսնում ենք, որ նրանք ունեն թուրքական հռետորաբանություն և իրենց չեն համարում մեր ժողովրդի մի մասը: Դրա համար անգամ ծաղիկներից են վախենում, անգամ զոհվածների ծնողների նկատմամբ են անհամաչափ ուժ կիրառում, և այսօր ժողովրդի ընկալման մեջ Փաշինյանն այլևս դավաճան է, ժողովրդավարության հետ որևէ կապ չունեցող անձնավորություն է»,- նկատեց նա:
Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածը ցույց է տալիս Փաշինյանի վախերն ու նրա զրոյական վարկանիշը. «Այս իշխանությունները վախենում են սեփական ժողովրդից, վախենում են դուրս գալ ժողովրդի մեջ: Այն մարդը, որը հեծանիվով եկավ՝ դարձավ վարչապետ, այսօր վախենում է անգամ այդ սուրբ օրով հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ իր ժողովրդի հետ միասին: Երեկ ողջ Ծիծեռնակաբերդը փակ էր, ինչ է թե Նիկոլ Փաշինյանը պետք է այցելեր այնտեղ, և աբսուրդային է, որ անգամ ծաղիկներն էին ստուգում, հասկանո՞ւմ եք»:
Նա նկատեց, որ ընդդիմությունը քայլեր ձեռնարկում է և փորձում է գործողություններ իրականացնել. «Այո, մեզ մոտ ինչ-որ բաներ չեն ստացվում, ինչ-որ բաներ ստացվում են, ունեցել ենք պայքարի որոշակի դրվագներ, որոնց մեջ ամբողջությամբ հաջողության չենք հասել, բայց ինչ-որ հաջողություններ ունեցել ենք»:
Ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի ուղերձում որևէ բառ չկար պահանջատիրության, Թուրքիայի դատապարտման, Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ:
Փաշինյանի անհստակ ուղերձի ֆոնին Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջում կարդում ենք հետևյալը. «Մենք խնդրում ենք Աստծո բարեգթությունը այն թուրքերի համար, որոնք դաժանորեն սպանվեցին հայ ահաբեկիչների կողմից 1915 թվականին՝ այդ թվում՝ ծերեր, կանայք ու երեխաներ»:
Հենրիխ Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ ակնհայտ չէ՞, թե մեր հանդեպ ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան, և, որ Թուրքիայի իշխանությունները Օսմանյան կայսրության արժանի հետևորդներն են, հետևաբար՝ Հայաստանի իշխանությունների մեղմ վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ որևէ բացատրություն ունի՞:
«Մինչև 2018թ. յուրաքանչյուր տարի Ապրիլի 24-ին միջազգային հարթակներում ավելի մեծ անդրադարձ է եղել Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի քաղաքական տհասության արդյունքում ունենք շատ վատ իրավիճակ միջազգային ասպարեզում: Դա Նիկոլ Փաշինյանի իշխանության հետևողական հակահայ քաղաքականության արդյունքն է: Սրանք հստակ պլանավորված քայլեր են: Նրանք շատ լավ հասկանում են և գիտակցաբար մեզ տանում են դեպի վերջնական կործանում՝ հանուն սեփական իշխանության, հանուն սեփական շահի: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Փաշինյանի համար չկա հայկական շահ, հայկական օրակարգ հասկացություն: Նա ունի սեփական օրակարգ: Եթե ձեռնտու լինի Նիկոլ Փաշինյան անձին որևէ բան, որը ձեռնտու չէ Հայաստանի Հանրապետությանը, միանշանակ Նիկոլ Փաշինյանը կընտրի առաջին տարբերակը: Այսօրվա իշխանությունները հակահայ, հակաքրիստոնեական, հակաարցախյան քաղաքականություն են վարում: Մենք այսօր կանգնած ենք գլոբալ խնդրի առաջ, որը միայն ընդդիմությունը չի կարող լուծել, մեզ պետք է հասարակության աջակցությունը: Պետք է հասկանանք՝ արդյո՞ք հասարակությունը պայքարին պատրաստ է, և եթե այո, ի՞նչ ձևաչափ ենք առաջարկում մենք հասարակությանը՝ այդ պայքարին մասնակցելու համար»,- ի պատասխան՝ ասաց նա:
«Նիկոլ Փաշինյանը չունի հանրային աջակցություն, բայց նրա հանրային աջակցություն չունենալը չի նշանակում, որ այդ հանրային աջակցությունն ուղղված է ընդդիմությանը: Այդ խնդիրը մեզ համար առաջնային է: Ընդդիմությունը պետք է գրավիչ դառնա ժողովրդի համար, որպեսզի կարողանա իրականացնել համաժողովրդական շարժում, որն այսօր կհեռացնի Նիկոլ Փաշինյանին: Բայց ես վստահ եմ, որ մենք գնում ենք այն ճանապարհով, որ կարողանանք համախմբել հասարակությանը»,- ընդգծեց Դանիելյանը:
Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ 1990 թվականին նույն վիճակն էր Արցախում, բայց հետո զարգացումներ եղան և մեր բնակչության անվտանգային խնդիրները ժամանակի ընթացքում լուծվեցին, ունեցանք 1994թ. հրադադարը, բայց միևնույն ժամանակ նշեց, որ պետք է դիմանալ բլոկադային, որ հաղթենք, և, որ այստեղ Ռուսաստանն անելիք ունի:
Հենրիխ Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ հասարակությանը ցավոտ զիջումների պատրաստող իշխանություններից որևէ բեկում սպասո՞ւմ եք՝ Արցախը ապաշրջափակելու հարցում:
«Նախ՝ արցախյան առաջին պատերազմին մեր բանակն ունեցել է Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և շատ ու շատ այլ հայրենանվեր մարդիկ, որոնք մտածել են սեփական հայրենիքի, սեփական հայրենակիցների մասին, հետո նոր՝ իրենց կյանքի, իրենց երեխաների անվտանգության մասին: Պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանի ընտանիքը եղել է Արցախում, և երբ Արցախի ճանապարհը փակ է եղել, Սերժ Սարգսյանն իր ընտանիքի հետ այդ փակ ճանապարհի պայմաններում եղել է Արցախում և պայքարել է թուրքի դեմ: Իսկ այսօր, երբ Արցախի ճանապարհը փակ է, ներկայիս իշխանություններն ասում են՝ մենք գործ չունենք Արցախի հետ: Տարբերությունն ակնհայտ է, և բոլորի համար պարզ թող լինի, որ այն ժամանակահատվածում ՀՀ պետական այրերն Արցախում էին, եթե Արցախում էլ չէին, կռիվ էին տալիս միջազգային հարթակներում կամ պատերազմի դաշտում, որպեսզի մենք չունենայինք նոր ցեղասպանություն: Այսօր Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Պապիկյան Սուրենը և այլ մարդիկ, երբ Արցախի մեր հայրենակիցները կանգնած են ցեղասպանության առաջ, իրենք նստում ծափ են տալիս սպորտային միջոցառումներին, նեղանում, թե ինչու են հայրենասեր մարդիկ Ադրբեջանի դրոշն այրում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում