Բանակցությունները տեղափոխվել են քաղաքական մակարդակ՝ Ռուսաստան-Ադրբեջան մակարդակով. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության Հակարի գետն ու կամուրջը գտնվում են ՀՀ Կոռնիձոր գյուղի անմիջական մատույցներում։

«Խնդիրը հասկանալու համար պետք է ասեմ հետևյալը՝ Ադրբեջանը միակողմանի զոռբայությամբ փակել է կամուրջը և փորձում է հսկիչ անցագրային կետ տեղակայել։ Ընդհանուր տպավորությունս այն է, որ ՌԴ-ն առհասարակ տեղյակ չի եղել Ադրբեջանի նախաձեռնությունից, որի արդյունքում, բնականաբար, ստեղծվել է այսօրվա իրավիճակը։

Փաստացի Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները փորձում են կանխել Ադրբեջանի կողմից իր նախաձեռնությունը վերջնական կետին հասցնելը։ Սա ակնհայտ էր նաև ՌԴ ԱԳՆ հայտարարությունից, որն ըստ էության արձանագրում էր, որ Ռուսաստանի հետ այդ ամենը համաձայնեցված չի եղել, և միջանցքի տրամաբանության փոփոխությունը, բնականաբար, հակասում է եռակողմ փաստաթղթի դրույթներին։ Ավելացնեմ, որ ՌԴ արտգործնախարարը մեկ ամիս առաջ էր հերքել տեղեկությունները, որոնք Ադրբեջանից էին հնչում, որ միջանցքում ադրբեջանական անցակետ է տեղակայվելու։ Այդ ժամանակ քննարկումներն ընթանում էին դեռևս ռենտգեն սարքերի տեղակայման վերաբերյալ, որը նպատակ ուներ 3 կմ և ավելի բեռներ տեղափոխող մեքենաների ստուգում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Ըստ նրա, այս ամենը ոչ միայն եռակողմ փաստաթղթի խախտում է, այլև ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության խախտում, այդ պատճառով էլ Ռուսաստանը փորձում է ամեն ձևով տեղում կանխել այդ անցակետի ռեժիմի գործարկումը։

Կարդացեք նաև

«Որքանով ես եմ տեղյակ, տեղում բանակցություններն ընթանում են փոքր մակարդակով, բայց հիմնականում տեղափոխված է քաղաքական մակարդակ՝ Ռուսաստան-Ադրբեջան մակարդակով։ Թե ինչ արդյունք կլինի, այս պահին շատ դժվար է ասել։

Ադրբեջանի լկտիությունը գալիս է այն հանգամանքից, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո այդ դրույթներն Ադրբեջանի կողմից բազմիցս խախտվել են և պատշաճ արձագանք չեն ստացել։ Այս պահին դեռևս պարզ չէ, թե գործընթացն ինչ ուղով կընթանա, դժվար է ասել, թե վերջնական արդյունքում մենք կունենանք անցակե՞տ, թե՞ հնարավոր կլինի քաղաքական ճանապարհով գնալ հանգուցալուծման։

Փաշինյանի հայտարարություններն են եղել այն հիմնական խթանող միջոցները, որ բերեցին տվյալ իրավիճակին»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս