Տարածված տեսանյութի կադրերից ակնհայտ էր՝ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելիս գործադրվել է ակնհայտ անհամաչափ ուժ. Արման Թաթոյան

Այսօր առավոտյան իր բնակության վայրի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցներն աննախադեպ բիրտ ուժի կիրառմամբ՝ թիկունքից հարձակվել ու ձերբակալել են «AntiFake.am» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին: Որոշ փաստաբաններ նաև խոշտանգման տարրեր էին տեսել հրապարակված տեսանյութի մեջ:

168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ասաց՝ տարածված տեսանյութի կադրերից ակնհայտ էր՝ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելիս գործադրվել է ակնհայտ անհամաչափ ուժ:

«Խոսել եմ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ: Հաշվի առնելով այն հանցակազմը, որը մեղսագրվում է Նարեկ Սամսոնյանին, և այն, որ, ինչպես փաստաբանն է ասում, նրան ձերբակալել են իր տան մոտ գտնվող ավտոկայանատեղի գնալիս, անընդունելի է նման ձևով անձին ձերբակալելը»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց՝ օրենքի խախտում է, որ Նարեկ Սամսոնյանին թույլ չեն տվել օգտվել զանգի իրավունքից, ինչպես փաստաբանն է վկայում:

Կարդացեք նաև

«Սամսոնյանին թույլ չեն տվել, որ զանգի իր փաստաբանին: Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ինքն է փնտրել ու գտել նրան: Բացի դրանից, Նարեկ Սամսոնյանի պաշտպանը չի մասնակցել նաև վարութային գործողությանը, այսինքն՝ Նարեկ Սամսոնյանի անձնական խուզարկությանը մասնակցելու հնարավորություն նրա պաշտպանը չի ունեցել: Իսկ սրանք կարևորագույն երաշխիքներ են քրեական վարույթի սկզբնական փուլում՝ վատ վերաբերմունքից կամ անօրինական հետապնդումից մարդու պաշտպանության համար»,- ասաց Արման Թաթոյանը: Վերջինս հավելեց նաև, որ Նարեկ Սամսոնյանի փաստաբանը նաև իր հետ զրույցում  նշել է՝ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են նրա խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

Տեսանյութեր

Լրահոս