
ՇՀԿ-ն չի պատրաստվում միասնական արժույթ ներմուծել

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մշակում է «ճանապարհային քարտեզ»՝ դոլարից կազմակերպության անդամ երկրների ազգային արժույթներով հաշվարկներին անցնելու համար, իսկ ինչ-որ միասնական արժույթի սահմանման հարց դեռ չի քննարկվում: Նման հայտարարություն է արել ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը:
«Մշակվում է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու ճանապարհային քարտեզ… Աշխատանքն իրականացվում է լուրջ և առարկայական ճանապարհով: Գործընթացը բնավ էլ պարզ չէ, քանի որ, ցավոք, դոլարը, որպես համաշխարհային պահուստային արժույթ, չափազանց խորն է արմատավորված, այդ թվում՝ ազգային արժութային համակարգերում», – ասել է Լոգվինովը «Բելառուս 1» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ դոլարից իսպառ հրաժարվելու համար հարկավոր է դեռ շատ բան անել և բավականին երկար ճանապարհ անցնել։
«Ինչ վերաբերում է ՇՀԿ-ի ինչ-որ միասնական արժույթ ներմուծելուն, ապա այս հարցը դեռևս դրված չէ, և նման նպատակ դեռ սահմանված չէ: Դե, իսկ հետագայում մենք կմտածենք», – եզրափակել է Լոգվինովը: