Բաժիններ՝

Զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարաձգվի

Զենքի շրջանառության կարգավորման մասին նոր օրենքի գործողությունների ժամկետը նախատեսվում է երկարաձգել, այն ապրիլի 28-ի փոխարեն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Փաթեթով առաջարկվում է հետաձգել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի գործողության ժամկետը: Այս պահի դրությամբ նախատեսված է, որ պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո պետք է այս օրենքն ուժի մեջ մտնի: Պաշտոնական հրապարակումը եղել է հոկտեմբերի 27-ին, ուժի մեջ մտնելու ժամկետը ստացվում է ապրիլի 28-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթից բխող 3 տասնյակ ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն, որոնք պետք է ապահովեն նոր օրենքի անխափան գործունեությունը՝ առաջարկվում է ժամկետը հետաձգել հուլիսի 1, որպեսզի կարողանանք կառավարության հաստատմանը բովանդակային առումով պատշաճ կերպով ներկայացնել բոլոր ենթաօրենսդրական ակտերը և ըստ այդմ պատրաստ լինել ամբողջական կիրառմանը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նույն ժամկետն առաջարկվում է նաև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի շրջանակներում, որով հրաձգարանների լիցենզավորման պահանջն է նախատեսված: Դա թույլ կտա ապահովել լիցենզավորման կարգը, պայմանները, հրաձգարանների կահավորման պայմանները և այլն:

Խորհրդարանը դեռ 2022 թվականին էր ընդունել Զենքի շրջանառության կարգավորման օրինագիծը, այն ներկայացրել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Դրանով, օրինակ, առաջարկվում է 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց: Օրենքը սահմանում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։

Նախագիծը նախատեսում է քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում, միևնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորություն է բացելու այն անձանց, զենքի սիրահարների համար, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս