
ՌԴ ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքում

Ռուսաստանի ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքում։ Ինչպես նշված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում, «2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում»։
Հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ Բացի այդ, խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 30 դիտակետում։
Ըստ հրապարակված տեղեկագրի, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրել Մարտակերտի շրջանում։
«Տուժածներ չկան։ Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում», – ասված է տեղեկագրում։
Հաղորդվում է նաև, որ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։ Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներով բարձված ավտոշարասյան անցումը։