«Պոռթկում լինելու է. Սյունիքի մարզը ցանկացած պահի կարող է ենթարկվել բլոկադայի». Անուշ Միրզոյան
Սյունիքի մարզում թշնամու առաջխաղացումը՝ Տեղում, Սիսիանում ադրբեջանական զորքի անարգել շարժը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանությունը, հերթական ապացույցներն են մարզի խարխլված անվտանգության. Սյունիքում ապրողը սեփական մաշկի վրա է զգում իր հողում ադրբեջանցու ներկայությունը, և եթե նախկինում մարդիկ իրենց տան դռները չէին կողպում, ապա հիմա կողպում են և շատ ամուր, որովհետև չգիտեն, թե ադրբեջանցին որտեղից դուրս կգա։
168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում, խոսելով Սյունիքի մարզի անվտանգային խնդիրներից ու դրանցից բխող հետևանքներից, իրավիճակը ներկայացրեց սյունեցի՝ «Զանգեզուր» TV-ի լրագրող, «5-րդ ալիք»-ի թղթակից Անուշ Միրզոյանը։
«Սյունեցիները տեսնում են թշնամուն, չեն ուզում հարևանություն անել մեկի հետ, որը եկել է ոչ թե իր կողքին, այլ իր տեղում ապրելու»,- ասաց սյունեցի լրագրողը։
Անդրադառնալով Գլխավոր Շտաբի պետ Էդվարդ Ասրյանի այն դիտարկմանը, որ հայկական զորքը կանգնած է Տեղի մատույցներում, մեր համապատասխան տարածքի վրա, և իրականացնում են դիրքային բարելավման աշխատանքներ, Անուշ Միրզոյանն ընդգծեց.
«Այս դեպքում Տեղում ապրողը Գլխավոր շտաբի պետին ասում է՝ դիրքային բարելավում կլիներ այն, երբ ադրբեջանական զորքը հեռանար Հայաստանի տարածքից»։
Ըստ Միրզոյանի՝ մարդիկ տեսնում են, որ Կադաստրով իրենց տրված սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը հասել է թշնամուն, ուստի այս պայմաններում անիմաստ է խոսել բարելավումների կամ Սյունիքում կատարվող ներդրումների մասին։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրենց Կառավարությունը 2018 թվականից հետո Սյունիքի մարզում իրականացրել է 100 միլիարդ դրամի ներդրում, Անուշ Միրզոյանը հակառակ օրինակը բերեց՝ հիշեցելով, որ հենց 2018 թվականից հետո են Սյունիքի մարզում մարդիկ իրենց անասունները սպանդի ենթարկել, որովհետև 2018 թվականից հետո են նրանց հողերը տրվել Ադրբեջանին։
«Թվում է, թե սյունեցին չի՞ հասկանում, որ իր հետ փորձում են գործարքի կամ առևտրային հարաբերությունների մեջ մտնել։ Մեր հայրենիքը փոքրանում է, թշնամուն է հանձնվել երեք ճանապարհ՝ Գորիս-Կապանը, Կապան-Ճակատենը, Կապան-Ագարակը, որոտանցի Մանուշակի տանը ադրբեջանցին լվանում է ատամներն ու թքում, Տեղ գյուղը դարձել է ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ, թշնամին մտնում է Սիսիան, և այս ամենի ֆոնին խոսում են ներդրումների՞ց։ Հիմա էլ խոսում են կրթահամալիրներ և դպրոցներ բացելու մասին, դա պոպուլիզմ է, որովհետև, եթե Տեղի դպրոցի համար չկա անվտանգություն, այդ երեխան ինչպե՞ս է կրթություն ստանալու, ինչպե՞ս է երեխան հաճախելու դպրոց։ Աստված մի արասցե, էսկալացիա լինի, ի՞նչ նպատակի են ծառայելու այդ կրթահամալիրները, արդյո՞ք դպրոցի»,- ասաց սյունեցի լրագրողը։
Ըստ Միրզոյանի՝ սյունեցիների մոտ իրավիճակի վերաբերյալ ընկալումը փոխվել է հատկապես ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանությունից հետո, կա վախ, որ նույն բանը կարող է իրենցից յուրաքանչյուրի հետ կատարվել: Մարդիկ հասկանում են, որ թշնամին գալու է Սյունիք և գալու է անգամ նոր կառուցվող, բայց ադրբեջանցիների կողմից դիտարկվող այլընտրանքային ճանապարհներով։
«Ձեզ թվում է՝ միայն Արցախն է շրջափակված. Սյունիքը ցանկացած պահի կարող է ենթարկվել բլոկադայի»։ Սյունիքի մարզի այդ ո՞ր համայնքը խնդրահարույց չէ՝ Տե՞ղը, Գորի՞սը, Կապա՞նը, ո՞րը… ՀՀ այս իշխանությունը Սյունիքի հարցով գնում է առևտրի։ Պետք է դադարել քննարկել ու մշակել գործողությունների շարք՝ այս ծանրագույն վիճակից դուրս գալու համար։ Պոռթկում լինելու է։ Ժողովուրդը պատրաստ է վճռականության, որպեսզի իր կանգնած տեղն այլևս չփոքրանա»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։