Ցեղասպանությունը, պատերազմը, մշտական ցնցումները շատ ուժգին սթրեսորներ են և կարող են ազդել հասարակության կամ անձի հոգեկերտվածքի և առողջության վրա. Հոգեբան

108 տարի առաջ, Օսմանյան կայսրության օրոք իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական  կուսակցության կազմակերպած  և իրագործած հայերի նկատմամբ ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։

Ցեղասպանությունը անասելի մարդկային կորուստներից, հայ մշակույթին հասցված վիթխարի վնասից բացի, հոգեբանական ու սոցիալ-հոգեբանական խորը ազդեցություն ունեցավ նաև հայ ազգի վրա։

Հոգեբան Գրիգոր Բադալյանը նկատում է՝ կա որոշակի օրինաչափություն. այն անձը, ով ենթարկվում է բռնության, դա կարող է լինել հասարակության, պետության, անհատի աստիճանում, հակազդում է երկու տարբերակով՝ կամ զոհի կարգավիճակում հայտնվելով և ունենալով տվյալ տրավմատիկ իրավիճակի մշտական տագնապ և վախ, կամ դառնալով բավականին ագրեսիվ, որպեսզի ոչ մի դեպքում չհայտնվի նույն իրավիճակում:

«Ցեղասպանությունը, պատերազմը, մշտական ցնցումները շատ ուժգին սթրեսորներ են և կարող են ազդել հասարակության կամ անձի հոգեկերտվածքի և առողջության վրա: Իհարկե, տվյալ դեպքում կարող են մնալ հետքեր, մարդը դառնա զոհ, հավատա դրան, ապրի մշտական տագնապով, որպեսզի դա չկրկնվի:

Կարդացեք նաև

Մեզ պետք չէ միանգամից փորձել դառնալ ագրեսոր, հաղթող, ուժեղ: Կարելի է հաղթող դառնալ՝ սկսելով հաղթել սեփական տգիտությունը, անառողջությունը: Հատկապես զոհի կարգավիճակում գտնվողը, իսկ մենք սիրում ենք այդ իրավիճակում մեզ ցույց տալ, ունենում է երկրորդական շահեր, դրա միջոցով շահարկում է դա, որպեսզի իրենից շատ բան չպահանջեն, պատասխանատու քայլեր չկատարի, չհասունանա:

Անձի, հասարակության հասունացման համար անհրաժեշտ է ընդունել, որ այո, եղել են այսպիսի խնդիրներ, դա ապրել ենք, հաղթահարել և ձեռնարկում ենք տարբեր միջոցներ, որպեսզի հասունանանք, դրանից դուրս գանք, լինենք այնքան կայացած և հասուն, որպեսզի չունենանք նմանատիպ ռիսկ ու վտանգ: Դա ոչ միայն զենքի միջոցով հզորանալն է, այլև արվեստի, մշակույթի, գիտության, քաղաքակրթության, անձանց, հարաբերությունների և անհատի աստիճանով հասունանալն է: Որովհետև քո ռեսուրսները, երբ այդպիսին են լինում, քեզանից  մեծ արժեք ես ներկայացնում, ում վրա չեն հարձակվում, և որը, իհարկե, ապահովվում է զենքի միջոցով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս