Փաշինյանը չպետք է երկիրը ղեկավարի. լինելու է և՛ Արցախի, և՛ ՀՀ տարածքների կորուստ. Հրանտ Միքայելյան

Կառավարության 2022թ. ծրագրում սևով սպիտակի վրա գրված է. «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա…»: Հիմա Նիկոլ Փաշինյանը համարում է, որ մադրիդյան փաստաթղթով Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, թեպետ թե՛ կառավարության ծրագրում, թե՛ 2021թ. ՔՊ նախընտրական ծրագրում իրենք հղում են արել մադրիդյան սկզբունքներին:

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը հարկ չի համարում անդրադառնալ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ արած հայտարարություններին, քանի որ դրանք համարում է ակնհայտ սուտ:

«Մի կողմից՝ եղել է Ադրբեջանի և Թուրքիայի ճնշում. Հիմա Թուրքիան և Ադրբեջանը Կարսում միասնական զորավարժություններ են անում, որտեղ հիմնականում լինելու է հենց Հայաստանի վրա հարձակման փորձարկումը: Մադրիդյան սկզբունքների պահով որ սուտ է ասել, չարժե դրան անդրադառնալ: Կարող ենք հիշել, որ երբ Սերժ Սարգսյանին Լուկաշենկոն առաջարկել է փողով շրջաններ հանձնել, Սերժ Սարգսյանը չի համաձայնել և ասել է՝ եթե փողի մեջ է հարցը, ինքն ավելի շատ փող կտա:

Իլհամ Ալիևը 2022թ. հուլիսին իր հարցազրույցում ասել է, որ մեզ ստիպում էին (ոչ թե փակ դռների հետևում ճանաչել Արցախը, որովհետև նա դա ասել է 2016թ., որը մադրիդյան սկզբունքների ընդունումից 9 տարի հետո է եղել), ասում էին՝ հանգիստ թողեք այս հողերը, հասեք խաղաղության, թող հակամարտությունը վերջանա: Այսինքն՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ադրբեջանին ասում էին՝ ի՞նչ եք ուզում, արդեն հարցը լուծված է, արդեն տարածքային փոփոխությունները եղել են, եթե ուզում եք՝ ավելի մանր հարցերի շուրջ բանակցեք, բայց նա ասել է՝ ոչ, ես արհամարհել եմ նրանց կարծիքը և հասել մեր նպատակներին: Հիմա Փաշինյանն ասում է՝ մեզ ասել են և պետք է պահանջները կատարենք, այսինքն՝ հրաժարվում է Հայաստանի շահերը պաշտպանելուց: Ինչ արդարացումներ է բերում, ուրիշ հարց է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

«Փաշինյանը կա՛մ ի վիճակի չէ Հայաստանի շահերը պաշտպանել, և այս պարագայում ինքը պետք է գնա, և օգնի, որ իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք կարողանան ուղղել իրավիճակը, կա՛մ ինքը աշխատում է ուրիշ պետությունների համար, որոնք որոշել են, որ Արցախի հարցը պետք է այսպես լուծվի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հրապարակումներից դատելով՝ որոշել են, որ եթե Թուրքիան ակտիվանա Միջին Ասիայում, ապա ՌԴ-ի և Չինաստանի համար լուրջ երկրորդ ճակատ կարող է բացել, նրանց այդտեղ զբաղեցնել, իսկ որպեսզի Թուրքիան հասնի Միջին Ասիա՝ պետք է Կասպից ծովն անցնի, իսկ որ Կասպից ծովն անցնի,  խանգարողը Հայաստանն ու Արցախն են.

«Այդ ուղղությամբ աշխատանք է գնում, ու Փաշինյանը դրան չի ընդդիմանում: Հիմա հարց է՝ ինքն անկարո՞ղ է, թե՞ համագործակցում է նրանց հետ: Ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ տարբերակում Փաշինյանը չպետք է երկիրը ղեկավարի, երկու տարբերակում էլ տանում է այն ուղղությամբ, որ հայերը կորցնեն Արցախը, և Հայաստանը կանգնի ավելի մեծ կորուստների առջև՝ նախ՝ Սովետական Հայաստանի սահմանների տարածքներից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս