Կոռուպցիա կա՛, կա՛ կոռուպցիա
2018թ. ի վեր, զբաղեցնելով իշխանական աթոռները, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շեփորահարում են կոռուպցիայի դեմ տարվող իրենց պայքարի մասին։ 5 տարի է անցել, ու մինչ օրս Փաշինյանը շարունակում է Հայաստանի քաղաքացիներին ու միջազգային կառույցներին վստահեցնել, թե իրեն հաջողվելու է պետությունից վերջնականապես արմատախիլ անել կոռուպցիոն բոլոր դրսևորումները։ Հարց է ծագում, սակայն, կա՞ արդյոք որևէ արդյունք։
Կոռուպցիան, իհարկե, չափազանց բացասական երևույթ է. ոչ ոք դա չի վիճարկում և, առավել ևս, արդարացնում։ Սակայն կոռուպցիան արատավոր երևույթ լինելուց զատ՝ վերածվում է առավել մեծ չարիքի, երբ մի կողմից՝ դառնում է մահակ՝ ընդդիմադիրներին և քաղաքական հայացքները չկիսողներին պատժելու համար, իսկ մյուս կողմից՝ գործիք՝ սեփական թիմակիցներին արտոնություններ տալով՝ նրանց բռի մեջ պահելու նպատակով։
Կառավարությունը 2022թ. սկզբում հայտարարել էր, որ՝ «վճռական է ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու հարցում, ուստի շարունակելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի զարգացումը և գործնականում դրանց արդյունավետ կիրառմանն աջակցությունը»: Այո՛, նախորդ տարվա ընթացքում այս ուղղությամբ արդյունքներ, իրոք, արձանագրվել են։ 2022թ. ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարան է ներկայացվել ընդհանուր 21 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ և ներկայումս քննվում են ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։ Ներկայացված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, բռնագանձման է ենթակա նաև 296 գույք (նշված գույքերի մեծամասնության միջին շուկայական արժեքների հանրագումարը շուրջ 34 մլրդ ՀՀ դրամ է): Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացված հայցի նախնական ապահովում կիրառելու մասին միջնորդությունների հիման վրա 2022թ. արգելադրվել է շուրջ 360 անշարժ և շուրջ 60 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 100 իրավաբանական անձանցում ունեցած մասնակցություններ: Ինչպես նաև 2022թ. քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29,4 մլրդ ՀՀ դրամի վնաս: Սակայն…
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքն ընդունվեց 2020թ. ապրիլին, իսկ ՀՀ նախագահի կողմից ստորագրվեց նույն տարվա մայիսին։ Ոլորտի բազմաթիվ մասնագետներ օրենքի նախագծի՝ շրջանառության մեջ դրվելու պահից ի վեր բարձրաձայնում էին, որ վերջինս Սահմանադրության տեսանկյունից լրջագույն խնդիրներ է պարունակում և սահմանափակում է մարդկանց մի շարք հիմնական իրավունքներ։ Ի տարբերություն միջազգային փորձի՝ Հայաստանի պարագայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը չի գործում՝ որպես բացառիկ միջոց, այլ ընդհակառակը` ընթանում է քրեական վարույթից բացարձակապես անկախ` բռնագանձվող գույքի «ապօրինի ծագումը» որևէ կերպ չպայմանավորելով քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարման հետ:
Այս օրենքով նախատեսված կարգավորումների արդյունքում առավել ինտենսիվ միջամտության է ենթարկվել Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, ինչն առաջ է բերում սահմանադրականության հարցում լուրջ մտահոգություններ։ Օրենքը խնդրահարույց է հետադարձ ուժի տեսանկյունից, քանի որ անձի վրա դրվում է իր գույքի ձեռքբերումն օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով հիմնավորելու այնպիսի պարտականություն, որը չի եղել մինչև տվյալ օրենքի ընդունումը: Ապացուցման բեռի անհամաչափ բաշխման, անհավասար մրցակցային դատավարական կանոնների և գործի նյութերին ծանոթանալու սահմանափակ ժամկետի արդյունքում խախտվում է նաև անձի արդար դատաքննության իրավունքը:
Օրենքով նախատեսված կարգավորումների արդյունքում մատչելի են դարձվում անձանց լայն շրջանակի մասնավոր կյանքին և անձնական տվյալներին առնչվող տեղեկություններ: Ընդ որում, նախատեսված չեն նաև մասնավոր կյանքի և անձնական տվյալների վերաբերյալ ստացված տեղեկությունների պատշաճ պահպանման համար անհրաժեշտ մեխանիզմները։ Էլ չասած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի գործերի ուսումնասիրությունն ու դատարական հայց ներկայացնելու լիազորությունները վերապահվել են Դատախազությանը, մինչդեռ դրանք դուրս են վերջինիս՝ Սահմանադրությամբ հստակ սահմանված լիազորությունների շրջանակից։
Հաշվի առնելով օրենքի բազմաթիվ խութերը` 2022թ. Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա հայց էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու հարցով։ Սահմանադրական դատարանը հարցն ընդունել էր քննության, սակայն ամիսներ անց կասեցրել՝ դիմելով Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը հրապարակվեց նույն տարվա՝ 2022թ. դեկտեմբերին։ 4,5 ամիս է անցել, սակայն մինչ օրս Սահմանադրական դատարանն անգամ որոշում չի կայացրել գործի քննությունը վերսկսելու վերաբերյալ։
Այս գործելաոճը, թերևս, հասկանալի է, քանի որ ներկայիս իշխանությունները նպատակահարմար չեն գտնում դիմել որևէ մի գործողության, որը կարող է այս օրենքը հանել շրջանառությունից։ Փաստացի, այս օրենքը տվյալ պահին գործում է՝ որպես լավ մտածված հակաքարոզչական արշավ՝ անցանկալի մարդկանց, նախկին քաղաքական պաշտոնյաներին և այլ ընդդիմախոսներին լրատվական հարթակներում և հասարակության աչքերում պախարակելու համար։ Ընդ որում, պետք է արձանագրել նաև, որ հերթական մեծ բռնագանձումների մասին մամլո հաղորդագրությունները, որոնցում շրջանառվում են հայտնի ՀՀ նախկին քաղաքական գործիչների անունները, տարածվում են այն ժամանակ, երբ կա հասարակության ուշադրությունը շատ ավելի կարևոր, մասնավորապես՝ պետության անվտանգային հերթական ձախողումներից շեղելու խնդիր։
Հակակոռուպցիոն պայքարը, սակայն, միակողմանի բնույթ ունի։ Որքան էլ որ վարչապետ Փաշինյանը տարատեսակ հարթակներից հայտարարի, որ Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է տիրում, որ իր կառավարության ներքո համակարգային կոռուպցիա գոյություն չունի, փորձ կատարի խուսանավել լրագրողների և ընդդիմադիրների ճշգրտող հարցերից ու երևույթներին անհամոզիչ ու անտրամաբանական բացատրություններ առաջ բերի, միևնույն է, այդ կոռուպցիան կա, ու կա հենց Փաշինյանի թիմում։
Կոռուպցիա չէ՞ արդյոք այն, որ պետական կառույցներին սպասարկող մեքենաների ապահովագրական պայմանագրերը կնքվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող SIL Insurance ընկերության հետ։ Կոռուպցիայի դրսևորում չէ՞ արդյոք այն, որ պետական տենդերները շարունակում է հաղթել այն ընկերությունը, որտեղ տնօրեն է ԱԺ նախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի եղբայրը։ Մի՞թե կոռուպցիա չէ այն, որ Փաշինյանի կառավարությունում տարատեսակ պաշտոններ զբաղեցրած, ներկայումս Երևանի քաղաքապետի հնարավոր թեկնածու Տիգրան Ավինյանը, ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, մասնաբաժիններ է ձեռք բերել տարբեր խոշոր ընկերություններում, այդ թվում՝ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ նրա մայրը գյուղատնտեսական նշանակության խոշոր հողատարածքներ է ձեռք բերում։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ 2020-ից կալանքի տակ գտնվող մեծ առանձնատունը 2022թ. վաճառվում է նույն այն անձին, ով մինչ այդ ձեռք է բերում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի օտարված գույքը։
Մեկ այլ դրվագ է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կողմից կառուցապատողից 168.000 դոլարով ձեռք բերված բնակարանը, որի արժեքն իրականում 412.000 դոլար է, և որի հիփոթեքային վարկը տրամադրել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։ Նշյալ բանկը ֆինանսավորել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որով վերջինս 2022թ. ձեռք է բերել 280.000 դոլար արժողությամբ առանձնատուն։ Ընդ որում, լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ բանկի ու Արարատ Միրզոյանի և նրա կնոջ միջև կնքված պայմանագրում բացակայում է վարկի տոկոսավճարը։ Եվ սա կոռուպցիոն դրվագների միայն մի փոքր մասն է։
Փաշինյանի համար սեփական թիմակիցների սոցիալական ու կենցաղային պայմանների սրընթաց բարելավումը, սակայն, կասկածներ չեն առաջացնում նրա մոտ, նրան չեն հուզում հարցերը, թե ինչպես են տվյալ մարդիկ պետական պաշտոնյայի աշխատավարձով նման խոշոր գույքեր ձեռք բերում, պաշտոնանկությունների մասին էլ չի մտածում, քանի որ կոռուպցիոն դեպքեր չկան, եթե լինեին, ապա իր տրամաբանությամբ կլինեին նաև հարուցված համապատասխան քրեական գործեր։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ այդ գործերը չկան, քանի որ հենց ինքը՝ Փաշինյանը, նման հրահանգ չի տվել։ Այդ ինչպե՞ս է լինում, որ երբեմն հանրությանը ցույց տալու համար, թե իրենք արդար են, յուրայիններ չունեն և կոռուպցիան իրենց համար անընդունելի երևույթ է, Փաշինյանը պատրաստ է «զոհաբերել» իր թիմակիցներից ոմանց, ինչպես արեց 2019թ.՝ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի, 2021թ.՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, 2022թ.՝ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեպքերում։ Եթե կշեռքի մի նժարին ռազմական դաշտում կրած պարտության մեղքը որևէ մեկի վրա բարդելու հնարավորությունն է, ապա այդ հնարավորությունից պետք է օգտվել, ու չարաշահումների գործով կալանավորել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, իսկ, օրինակ, քանի դեռ Սուրեն Պապիկյանը շարունակում է հնազանդ «ծառայել» Փաշինյանի վարչակարգին, վերջինս պատրաստ է նաև ասուլիսների ժամանակ բոլոր միջոցներով պաշտպանել ու արդարացնել ՊՆ ներկայիս նախարարին։
Հայաստանում կոռուպցիա կա։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը տարածվել ու շարունակում է տարածվել միայն ընդդիմախոսների և Փաշինյանի ու նրա քաղաքական ուժին չհարող շրջանակների վրա։