«Ձեր խաղաղությունը Տեղ համայնք հասա՞վ». Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ցանկացած իշխանության ուղիղ և առաջնային պարտականությունն է՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և ժողովրդի անվտանգությունը, փաստացի դուք ձախողել եք Ձեր առաքելությունը կատարելով, ու դա ոչ միայն իմ գնահատականն է, դա նաև Ձե՛ր գնահատականն է»,- այսօր Ազգային ժողովում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նա Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց իր ասուլիսներից մեկում նրա արած հայտարարությունը.
«Ասել եք, որ հաջողություն եք ունեցել բազմաթիվ ոլորտներում, կոնկրետ անվտանգության մեջ ձախողել եք, այո՛, ձախողել եք:
Այսօրվա ձեր ելույթը ոչ թե 1 տարվա գործունեության կատարողականի ներկայացում էր, այլ տպավորություն էր, որ նախընտրական քարոզարշավի բառապաշարով եք խոսում: Օրինակ՝ հույս ունեք, որ խաղաղություն կարող է լինել, հույս ունեք, որ ապաշրջափակում կարող է լինել, մինչդեռ կոնկրետ մարդ կա՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներգրավված հանձնաժողովի աշխատանքներում, բայց վերջն այդ հանձնաժողովն ո՞ւր հասավ, ապաշրջափակման գործընթացը որտե՞ղ է հասել, որևէ մեկը դրանից տեղյակ չի: Ավելին, այն նույն ժամանակ, երբ դուք բանակցում եք ապաշրջափակման մասին, մեր երկրում տարածքներ են շրջափակվում, ճանապարհներ են փակվում, առանձին ճանապարհներ արդեն գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, ոչ միայն՝ միջհամայնքային, այլև՝ միջպետական:
Ձեր հիմնական թեզը խաղաղությունն է, էդ խաղաղությունը որտե՞ղ է, Տեղ գյուղո՞ւմ է, մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը: Կամ կապանցի այն ընտանիքում խաղաղություն եկա՞վ, որտեղ ադրբեջանցին, ենթադրաբար, սպանել է ընտանիքի անդամներից մեկին:
Դուք այստեղ ոչ թե պետք է խոսեք, որ ոչ թե հույս ունեք, որ նման բան պետք է լինի, այլ պետք է խոսեք նրա մասին, որ ձեր տված խոստումների համատեքստում՝ 1 տարվա ընթացքում ի՞նչ եք արել, որ մոտեցնեք, բայց դուք դա չեք կարող ասել, որովհետև դուք չե՛ք մոտեցրել:
Դուք ասում եք, որ այս պահին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում հիմք է Ալմա Աթայի հռչակագիրը: Ուզում եմ՝ դուք հստակեցնեք՝ արդյոք քննարկումների ժամանակ դուք հայկական կողմի վերապահումները նշո՞ւմ եք, թե՞ ոչ:
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց.
«Դուք ասում եք՝ Ալմա Աթայի հռչակագրի վերապահումը ներկայացնո՞ւմ եք, ես չեմ բացառում, որ կարդացել եք, իսկ դուք կարդացե՞լ եք այդ վերապահումները, այդ վերապահումներն ինչի՞ մասին են, ի՞նչ են ասում այդ վերապահումները, կամ այդ վերապահումները ե՞րբ է ներկայացվել: Այդ վերապահումները ստորագրման պահին չի ներկայացվել, այդ վերապահումները խորհրդարանը վավերացնելիս ինչ-որ մի տեքստ է գրել, որը եկեք կարդանք, փորձենք հասկանալ…
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում