Համարենք նախընտրական խոստո՞ւմ, Նազարբեկյան մետրոյի նոր կայարանը. Մարկոս Հարությունյանը՝ Ավինյանին
Նախատեսվում է «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» ծրագրի շրջանակներում ձեռք բերել 14 հատ թունելային հզոր օդափոխիչներ՝ 480,000.0 հազ. դրամի չափով:
«Երևի մի երկու ամիս առաջ էլ մոտ մեկ միլիարդ դրամ մետրոպոլիտենի նախագծահաշվարկային աշխատանքների համար: Ստացվում է՝ Աջափնյակի կայարանը մոտավորապես 100 միլիոն դոլարի կարգի է պետության վրա «նստելու»: Ընդհանուր աշխատանքի քանի՞ տոկոսն է կատարված, նախագծային հաշվարկներով ընդհանուր ծախսն ինչքա՞ն է»,- ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ շահող ընկերությունը «Մետրոգիպոտրանս» ընկերությունն է, որը երևանյան մետրոյի նախագծման ինստիտուտն է եղել ԽՍՀՄ տարիներին:
Տարվա ավարտին ունենալու ենք Աջափնյակի մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը. Տիգրան Ավինյան
«Փաստացի, նախագծման աշխատանքն իրականացնում է այն ընկերությունը, որն ամբողջական մետրոյի նախագիծն է պատրաստել խորհրդային տարիներին: Ինչ վերաբերում է գումարներին, նախագծման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 1,1 մլրդ դրամ, ևս 700 մլն դրամ քաղաքապետարանն է ներդրել: Արդեն իսկ նախագծային աշխատանքների առաջին փուլն ընկերության կողմից հանձնված է: Զուգահեռ իրականացնում ենք երկրորդ և երրորդ փուլերը: Տարվա ավարտին ունենալու ենք Աջափնյակի մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը: Շուտով կհայտարարվի «Սուրմալու»-ի հարակից հատվածում գտնվող կայարանի նախագծման մրցույթ։ Եվ գումարը, որ նախատեսված էր օդափոխության համակարգի համար, նոր կայարանի նախագծի հետ կապ չունի»,- նշեց Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ մետրոյի հետագա հնարավոր զարգացումը լինելու է դեպի Նազարբեկյան թաղամաս:
ԲՀԿ ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը հետաքրքրվեց. «Համարենք նախընտրական խոստո՞ւմ Նազարբեկյան մետրոյի նոր կայարանը, թե՞ ուղղակի բարի ցանկություն էր»:
Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Բարի ցանկություններ շատ են եղել նախկինում, և այսքան ժամանակ միասին աշխատել ենք, գոնե Դուք տեսել եք, որ չենք առաջնորդվում բարի ցանկություններով»: