Շուտով ունենալու ենք այն ոստիկանությունը, որն ի զորու կլինի կատարելու առաջադրված բոլոր խնդիրները․ ՆԳ նախարարի ուղերձը ոստիկանության օրվա առիթով
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ, որում նշված է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
ՀՀ ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ:
Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։
Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև և հատկապես ձեզնից յուրաքանչյուրից է կախված։
Քաղաքացին ոստիկանության հետ շփվելիս պետք է վստահության բարձր զգացումով լի լինի և սրան այլընտրանք չկա։ Ձեր ամենօրյա սրտացավ, նվիրված աշխատանքն է, որը պետք է ապահովի այս մթնոլորտի առկայությունը հասարակություն-ոստիկանություն երկխոսության շրջանակներում։
Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն է, որը բնորոշ է ժողովրդավարական իրավակարգին։ Մենք պատվով, կուռ վճռականությամբ և հետևողականությամբ անցնում ենք այս ճանապարհը։
Պարեկային ծառայության ստեղծումը այս նպատակին հասնելու առաջին քայլն է եղել, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողները և քաղաքացիական անձինք համախմբվել են՝ նոր շնչով, նոր որակով ապահովելու ծառայությունը օրենքին, իրավակարգին և մեր հանրությանը։
Այս սկզբունքով է զարգանալու նոր ոստիկանությունը՝ հենասյունային 4 ուղղություններով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, համայնքային ոստիկանություն և ոստիկանության գվարդիա։ Առաջիկայում կգործարկվի նաև ոստիկանների ատեստավորման նոր համակարգը, որը թույլ կտա էականորեն բարելավել 24-ժամյա ռեժիմով քաղաքացուն ծառայություն մատուցող ոստիկանի կյանքը, սոցիալական երաշխիքների փաթեթը։
Ցանկանում եմ ընդգծել հատկապես կանանց ներգրավվածությունը ոստիկանական գործում, ինչը վկայում է մեր հավատարմությունը բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու լիարժեք մասնակցության սկզբունքին և միանգամայն նոր որակ է բերում և բերելու ոստիկանության գործունեությանը:
Համոզված եմ, որ այս գործընթացները շարունակվելու են ողջ ծավալով, և բոլորիս ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ շատ շուտով ունենալու ենք այն Ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները:
Այդ նպատակի իրականացմանն են իրենց անմնացորդ ծառայությունը բերել հազարավոր ոստիկաններ ինքնիշխան Հայաստանի գոյության տասնամյակներում:
Հանուն այդ նպատակի են Հայրենիքի պաշտպանության մարտերում ու ծառայողական պարտքը կատարելիս իրենց կյանքը զոհել հարյուրավոր ոստիկաններ:
Հավերժ փառք ու խորին խոնարհում մեր զինակիցների պայծառ հիշատակին:
Սիրելի՛ ծառայողներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու անխռով տարիներ:
Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնց սերն ու սպասումը ուժ է տալիս ոստիկանին լիարժեք կատարելու իր ծառայությունը, որոնք ոստիկանի աշխատանքի բարդությունն ու ծանրությունը զգացող առաջնային օղակն են:
Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»: