Արամ Նիկոլյանը՝ լյուստրացիայի հեղինակ
Երեկ ոճաբան Արամ Նիկոլյանը Ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման՝ Երևանի Մարզահամերգային համալիրի բեմից վերցրեց ծածանվող Ադրբեջանի դրոշը, վառեց այն ու դուրս բերեց դահլիճից:
Արամ Նիկոլյանին բերման ենթարկեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, և թեև սկզբում համառ լուրեր էին տարածվում, որ ոճաբանին կմեղադրեն խուլիգանության հանցակազմի 3-րդ մասով, ինչը 4-8 տարի ազատազրկում է նախատեսում, հանրային ճնշման, Նիկոլյանի արարքի՝ իրենց համար անսպասելի հասարակական դրական արձագանքի ֆոնին վախեցան, և վերջինս ազատ արձակվեց: Ավելին, քրեական վարույթ առհասարակ չնախաձեռնվեց հանցակազմի բացակայության պատճառով:
Արամ Նիկոլյանին ոստիկանության Մալաթիայի բաժնի մոտ դիմավորում էր հոծ բազմություն, և ինչպես ավելի ուշ ինքը՝ ոճաբանը խոստովանեց, ինքը դրան չէր սպասում: Ոճաբանն իր արարքը համարեց թասիբով հայի արարք, ասաց՝ չի փոշմանել, ինքը չէր կարող թույլ տալ, որ Հայաստանի մայրաքաղաքում ծածանվի ադրբեջանական դրոշ:
Արամ Նիկոլյանի արարքից հետո տարատեսակ մանր ու մեծ ՔՊ-ական քարոզիչներ, ծպտյալ նիկոլականներ ու «քաղաքականությամբ չզբաղվող» առանձին էակներ սկսեցին ողբալ երկրի վարկանիշի համար, թե տեսեք-տեսեք՝ ինչ կասի միջազգային հանրությունը:
Մինչ բարոյախոսներին անդրադառնալը հիշեցնենք՝ երեկ Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորում էին Տեղ գյուղում կազմակերպված ադրբեջանական լկտի սադրանքի հերթական զոհին՝ Մարտական խաչ 1-ին աստիճանի ասպետ, մայոր Մկրտիչ Հարությունյանին: Եռաբլուրից Համալիր մոտ 3 կմ է, և Եռաբլուրի հուղարկավորությունից մի քանի ժամ անց Մարզահամերգային համալիրի բեմում ծածանվում էր ադրբեջանական դրոշը:
Եվ մինչ ՔՊ-ական ողջ վերնախավը, ծանրամարտի մոլի երկրպագուներ՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, վայելում էր ադրբեջանական դրոշի ծածանումը Համալիրի բեմում և միգուցե անասելի բերկրանք ապրում իրենց քաղաքական թիմի առաջնորդի հետ միասին, Արամ Նիկոլյանը չհանդուրժեց դա:
Հետո սկսվեց ՔՊ-ական հոգեխանգարմունքի ալիքի սփռումը սոցիալական ցանցերի ողջ տիրույթով: Դրան միացան լուսավորականներ ու ոչ այնքան:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության երբեմնի պատգամավոր Անի Սամսոնյանն այնքան էր վրդովվել լուսառատ դահլիճում ադրբեջանական դրոշի հետ նման կերպ վարվելուց, որ բոլորին ուղարկում էր սահման:
ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, ով փողոցում առևտուր անող մարդու կարտոֆիլի տոպրակներն էր «տշում», որպես քաղաքակիրթ անձնավորություն՝ ներողություն էր խնդրում ողջ միջազգային հանրությունից ու իրեն ամոթանք տալիս:
Գլխավոր դատախազի սիրած ռուսաստանաբնակ տավուշեցի գրող Նարինե Աբգարյանն էլ «ոսկեղենիկ» հայերենով իր մասին էր հիշեցնում, այն Նարինե Աբգարյանը, ով Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության մոլի կողմնակիցն է:
Մնում էր միայն օրը ցերեկով Կասկադում քաղաքացուն նախապես անշարժացնելու հրահանգ տված, հետո նրա վրա թքած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ մի բարոյախրատական ճառ կարդա, ու պատկերը կամբողջանա:
Կամ այդ ճառը կարող է կարդալ Մեծ Բրիտանիայի թագուհու դագաղի մոտ լուսանկարվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Իսկ հիմա՝ մի փոքր հիշողության թարմացում Հայաստանի միջազգային վարկով մտահոգվող հայերի համար:
2011 թ․ հոկտեմբերին Բաքվում անցկացվող աշխարհի բռնցքամարտի առաջնության ժամանակ մի խումբ ադրբեջանցիներ հարձակում էին գործել հայ մարզիկների վրա: Գազազած թշնամիները մեկ-մեկ մտել էին մրցումների անցկացման համար նախատեսված սպորտային համալիր և զբաղեցնելով ռինգին հնարավորինս մոտիկ տեղեր՝ սպասել հայ մարզիկի ելույթին: Երբ մեր բռնցքամարտիկը և մարզիչները հայտնվել են ռինգի մոտ, ադրբեջանցիները քարերով հարվածել են նրանց` բղավելով. «Հայե՛ր, հեռացեք, ամոթ հրավիրողներին, Ղարաբաղ կամ մահ» և այլն… Մենամարտը դադարեցվել էր, հայ մարզիկները լքել էին դահլիճը:
Բաքվում նաև հայ մարզիկներին տեղափոխող ավտոբուսն են փորձել շուռ տալ:
Ու հիմա որոշ երեսպաշտներ հանկարծ մտահոգվել են Հայաստանի միջազգային վարկի մասին՝ չգիտես ինչու հեչ չքննարկելով՝ իսկ ինչո՞ւ էր Ադրբեջանը, իմանալով, որ իր մարզիկներին 2 օր անց ուղարկելու է Երևան, Տեղում հարձակվում ու սպանում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողներին:
Այսօր ադրբեջանցի ծանրորդները հեռացան Հայաստանից. սա էլ բոլոր նրանց համար, ովքեր ասում են՝ մենք թույլ ենք, ոչինչ չենք կարող անել: Արամ Նիկոլյանը կարողացավ հետ ուղարկել Ադրբեջանի ծանրամարտի հավաքականին:
Ի դեպ, նույն Արամ Նիկոլյանը, երբ 2014թ. Եվրատեսիլում հաղթեց տրանսգենդեր ավստրիացի պատվիրակ Կոնչիտա Վուրսթը, Երևանում մրցույթի մեր մասնակցին դիմավորում էր հստակ ընդգծված քաղաքացիական, մարդկային ու տղամարդկային դիրքորոշում հայտնող շապիկով:
Այնպես որ, տղաներ և աղջիկներ, մեդալը միշտ երկու երես է ունենում: