Լավրովը հայտնել է ԱՊՀ-ում առևտրի ծավալների աճի մասին՝ չնայած Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին
ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի առևտրի ծավալն աճում է՝ չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից երկրորդային պատժամիջոցների սպառնալիքներին: Այսօր Ուզբեկստան կատարած այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից մեր բոլոր գործընկերներին ուղղված սպառնալիքներին՝ չհամագործակցել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ, այսպես կոչված, երկրորդային պատժամիջոցների և պատժի այլ տեսակների սպառնալիքից ելնելով, ԱՊՀ-ում առևտուրն աճում է։ 2022 թվականին այն աճել է ավելի քան 6 %-ով, դրա ծավալը գերազանցել է 100 միլիարդ դոլարը», – Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Նախարարը նշել է, որ նախագծերն ու ծրագրերը, որոնք այժմ մշակվում են, այդ թվում` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ հունիսի 8-ին կայանալիք նիստի առթիվ, «ենթադրում են կենտրոնացում արդի տեխնոլոգիաների հեռանկարային զարգացումների վրա՝ առաջին հերթին յուրաքանչյուր պետության համար հույժ կարևոր բնագավառներում»։
«Տնտեսական փոխգործակցության հետագա ընդլայնմանը խթան կհաղորդի ԱՊՀ երկրների միջև ծառայությունների ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը, որը պատրաստվում է ստորագրման», – հավելել է Լավրովը։
Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը տեղի կունենա հունիսի 7-8-ը Սոչիում։ Նա նշել էր, որ հանդիպման օրակարգը հագեցած է, գլխավոր հարցը, Ռուսաստանի Դաշնության կարծիքով, կլինի Ծառայությունների ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը: