Շուշին Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումով. Արցախի ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է ապրիլի 8-ին Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցելությունն օկուպացված հայկական Շուշի։

«Ակնհայտ է, որ այդ ապօրինի այցը, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումների անցկացումն օկուպացված հայկական Շուշի քաղաքում, միտված են Ադրբեջանի ու նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ 2020 թվականին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։ Կրկին ընդգծում ենք, որ Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումներով։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների այցը Շուշի էլ ավելի սրբապիղծ և սադրիչ է թվում՝ հաշվի առնելով Արցախի արդեն 4 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում, ներառյալ՝ հին հայկական Շուշի քաղաքում հայ ժողովրդի կրոնական, պատմական և մշակութային հուշարձանների համակարգված ոչնչացումն ու դրանց ինքնության կեղծումը, ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտների գույքագրման և դրանց վիճակի ուսումնասիրության նպատակով Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկելու հարցում Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակ հարուցվող խոչընդոտները»,-նշված է Արցախի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ նման գործողություններով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ստանալ առանձին պետությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների լռելյայն հավանությունը էթնիկ զտման իրենց հանցավոր ծրագրերի համար, որոնց նպատակն է հայաթափել Արցախը և ջնջել հայկական բազմադարյա ներկայության հետքերը։

«Պատմությունը կեղծելու և սեփական քաղաքական խոսույթն առաջ մղելու նպատակով երկրների և ժողովուրդների միջև ազգակցական կապերի չարաշահումն անընդունելի է և չի նպաստում ժողովուրդների միջև խաղաղության և փոխըմբռնման ամրապնդմանը:

Այս կապակցությամբ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախում, այդ թվում՝ օկուպացված հայկական Շուշիում, եկեղեցիների և այլ մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող վանդալիզմի և պղծման դեպքերը հանդիսանում են միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների մասին որոշման կոպիտ խախտումներ»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս