«Երբեք որևէ փաստաթուղթ, գաղտնի գրիֆով թե ոչ, չեմ ստորագրել, որի համար հայը կարող է ամաչել». Սերժ Սարգսյան
Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։
168.am-ը ՀՀ երրորդ նախագահից հետաքրքրվեց. «Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իրենց ուղղված Ձեր մեղադրանքներին, թե այս իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերությունները փչացել են: Նա երեկ Ազգային ժողովում հակառակը պնդեց: Կասե՞ք՝ ի վերջո, ինչպե՞ս են գործող իշխանությունները փչացրել հայ-ռուսական հարաբերությունները»:
Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Ինչպե՞ս… իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով՝ ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանի Հանրապետությունում։ Իր «կառուցողական» գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին… Ուզո՞ւմ եք այսպես մի 50 հատ շարունակեմ, անիմաստ է ժամանակ ծախսելը, էլ ի՞նչ պետք է աներ…»։
Լրագրողների խնդրանքով Սերժ Սարգսյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած մեկ այլ հայտարարության, որը վերաբերում էր, ինչպես Փաշինյանը նշեց՝ գաղտնի գրիֆ ունեցող նամակին։
«Դժվար է մեկնաբանել, որովհետև եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, դե էլ ի՞նչ ասեմ։ Ես միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ, լինի նամակ, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինի գաղտնի գրիֆով, թե սովորական՝ երբեք որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ եթե հրապարակեն բոլոր փաստաթղթերը՝ մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը։ Ես պնդում եմ՝ թող հրապարակի, այդտեղ որևէ խնդիր չկա, ինքը իրավունք ունի, եթե չունենա էլ, ապա ինքը իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ սա էլ կարող է վերագրել, բայց ունի, վստահաբար ունի, կարող է գաղտնազերծել և հրապարակել։ Այնպես որ, այստեղ որևէ խնդիր չկա, ես պնդում եմ՝ թող հրապարակի, իսկ եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է: Թեև այնքան մեղմ բառ ասացի, որ ձեզ չվիրավորեմ, ոչ թե ուրիշներին»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։
Լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է գնալ Ադրբեջանի հետ խաղաղության, ինչպես պնդում են օրվա իշխանությունները։ Եվ եթե ՀՀ գործող իշխանությունը գնա խաղաղության, դա ինչի՞ հաշվին է լինելու։
Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նախ հարցին հարցով արձագանքեց՝ բայց ո՞վ է ասել, որ իրենք գնում են խաղաղության, ապա շարունակեց.
«Ո՞վ է ասել, որ իրենք գնում են խաղաղության, դա Ձեր կարծիքն է, իրենց կարծիքն է, իմ կարծիքն այդպիսին չէ։ Խաղաղության այդպես չեն գնում, խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ այդքան ձախողումներից հետո ադրբեջանցի զինվորը չի կարող մտնել Հայաստանի Հանրապետություն և մի քանի օր շրջել ՀՀ-ում։ Այդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության։ Եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է, որ այդ փաստաթղթում ևս անտեսվելու է հայկական շահը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև ի՞նչ կարող է ասել Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած այն հայտարարության վերաբերյալ, որ «Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս»։
Պատասխանելով հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելուց, ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում, այդ մարդը ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի, բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու և ընկալելու ունակությա՞ն, թե՞ հիշողության, որովհետև երբ ուզում՝ հիշողությունը կորցնում է, երբ ուզում՝ խախտում է բոլոր նորմերը։ Ինչ ուզում՝ անում է, երբ ուզում է, ուրեմն՝ պատերազմը խաղաղություն է համարում, երբ ուզում՝ պարտությունը հաղթանակ է համարում, ես ի՞նչ կարող եմ դրա մասին ասել։ Բայց բոլորդ էլ տեղյակ եք, չէ՞, որ մինչև 2018 թվականը բանակցող հինգ կողմերից հինգն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը։ Հինգ կողմերին թվարկում եմ, որպեսզի բոլորը հիշեն՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա։
2018 թվականից հետո այս հինգից չորսն են հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա։ Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղը հանձնելու մասին է, դե ամոթ է էլի, վերջապես, թող գնան, մեր երկրի անվտանգությունն ապահովեն։ Թող հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն Հայաստանի տարածքից ինչքան են կորցրել։ Եթե չհիշեն, ես հիմա ասեմ, թող մտածեն՝ 100 անգամ ավելին, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց։ Չորս անգամ ավելի շատ կորուստ ենք ունեցել, զոհեր ենք ունեցել, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, բա այդպե՞ս են խաղաղության գնում, ա՞յդ է խաղաղությունը»։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը վերաբերում էր Արցախին։ Իշխանական պատգամավորը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի այն, որ, երբ «Հայաստանն ասում է, թե Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որոշ շրջանակներ դա հասկանում են՝ որպես հրաժարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից»։
«Միանգամից արձանագրենք, որ ինքն իմ մեղադրանքներն այդպես էլ չհերքեց այդ առումով, սա միանշանակ է»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ ինքը վերջերս Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը ունեցած զինամթերքի ու անձնակազմի միայն 50 տոկոսն է օգտագործել։ Փաշինյանն էլ իր հերթին անդրադարձել է այդ մեղադրանքին, ասելով, որ այդ օրերին ոչ միայն զենքի խնդիր չի եղել, այլև, որ որոշ վայ զինվորականներ միլիարդների զենքերի պահեստը թողել և փախել են, ինչպե՞ս կարձագանքի Փաշինյանի այդ հայտարարությանը։
Շարունակելով միտքը՝ Սերժ Սարգսյանն ասաց.
«Բա ինքն ինչո՞վ էր զբաղված այդտեղ, այդ որ բոլորը մեղավոր են, զինվորականները մեղավոր են, հրամանատարները, Հայաստանի տղամարդիկ բոլորը մեղավոր են, բոլորը մեղավոր են, բա իր փեշակն ի՞նչ էր, ի՞նչ էր անում։ Հիշո՞ւմ եք, որ Տավուշում միջադեպ կա, նույն ինքը դա համարում էր հաղթական մարտեր և կուրծք էր ծեծում, դոշ էր ծեծում՝ այսպես ասած, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատարն է, ու հետո մեկ անգամ էլ կրկնեց, թե հանկարծ չշփոթեք։ Չենք շփոթում, գերագույն գլխավոր հրամանատարը նրա համար է, որպեսզի հարցազրույցներ տա՞։ Այդտեղ մի շատ կարևոր բան էլ է ասել, ասաց, որ միլիարդների զենք է, չէ՞, հանձնել Ադրբեջանին, բա այդ ո՞ւմ բերածն է այդ միլիարդների զենքը, իրե՞նք էին այդ երկու տարում միլիարդների զենք-զինամթերք բերել։ Ինքը դրանով ի՞նչ ասաց, ասաց հետևյալը, որ մինչև 2018 թվականը հայկական բանակը իր սպառազինությունների մի զգալի մասը ցուցադրում էր իր քաղաքացիներին և ցույց էր տալիս, թե մենք ինչպիսի բանակ ունենք, իսկ ինքն այդ ամբողջը հանձնեց Ադրբեջանին և Ադրբեջանի ղեկավարը ցույց տվեց, թե ինչ է վերցրել իրենից, ոչ թե զինվորից։
Վայ հրամանատարներ էին, փոխեիր այդ հրամանատարներին, մինչև այդ փոխեիր, ընդհակառակը՝ գլխատել ես բանակը»։
«Միակ ճանապարհը՝ թող գնա էդ մարդը իր գործով զբաղվի: Թող գնա, մի հատ ընդդիմադիր թերթ վերցնի նորից ու սկսի սրա-նրա մասին բանսարկություններ գրել: Նա ուրիշ բանի պիտանի չի»,- այսօր նաև ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կհորդորեր Նիկոլ Փաշինյանին:
Հարցին՝ ինչպե՞ս կբնութագրի Նիկոլ Փաշինյանի կառավարման 5 տարիները, Սերժ Սարգսյանը պատասխանեց մեկ բառով՝ աղետալի:
Մանրամասները՝ տեսանյութում: