Այս պահին էլ դա քննարկվում է, դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է. Արարատ Միրզոյան

«Սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանը կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը»,- այս մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ ընդլայնված հանդիպումից հետո ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հարցին, թե հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին կատարվողը՝ հավելյալ ռիսկեր չի՞ տեսնում արդյոք նրանում, որ Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինվում են սահմանապահ ստորաբաժանումներով, և արդյո՞ք Բաքուն համաձայնություն տվել է բանակը փոխարինել սահմանապահներով:

Միրզոյանը նշեց, որ վստահ է, բանակի, զինված ուժերի փոխարինումը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ սահմանապահ ներկայացուցիչներով, պետք է լինի վերջնական կարգավորումների մաս: Նրա որակմամբ, սա կարևոր է մի քանի առումներով՝ նաև հասկանալով, որ, անշուշտ, սահմանապահ ծառայությունը բոլոր երկրներում սահմանապահ առաքելություն է իրականացնում, բայց նաև գործիքակազմն է տարբեր, ընդհուպ զենքերն են, զինատեսակներն են տարբեր, և այլն: ՀՀ ԱԳ նախարարի վստահությամբ՝ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը:

«Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ, իրականում մենք նախկինում էլ հրապարակավ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը, այս պահին էլ դա քննարկվում է: Եվ կարող եմ նաև փոքր-ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով: Կրկնում եմ, մենք կարևոր ենք համարում այս մեխանիզմի ներդրումը:

Այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ ունենք, սահմանապահ ծառայությունն է իրականացնում հսկողությունը: Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունը, այսինքն՝ պատմությունը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ մեխանիզմի արդյունավետությունը, որ ես նշեցի, կա, իրականում աշխատում է:

Կարդացեք նաև

Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ. ես նշեցի, օրինակ, բանակցում էինք, այդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև բանակցություններին զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը փորձում է, շարունակում է ուժի գործադրման իր անթաքույց քաղաքականությունը: Եվ երբ, ինչպես ասում են, գետնի վրա, ուժը չի կիրառվում, մենք շարունակաբար լսում ենք ամենաբարձր մակարդակով այդ ուժի կիրառման սպառնալիքները և խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության ահաբեկումը: Եվ այս առավելապաշտական, ագրեսիվ մոտեցումները դրսևորվում են նաև մնացյալ շաղկապված, փոխկապակցված հարցերում, այդ թվում նաև՝ զինված ուժերը սահմանապահներով փոխարինելու, այդ թվում նաև՝ բանակցությունների ընթացքում և այլն: Այսինքն՝ դրանց զուգահեռ՝ սա, իհարկե, մեզ հետ չի պահում շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և կրկին վերադառնալով մասնավոր բարձրացված հարցին, այո, դա ընդհանուր կարգավորումների և վերջնական կարգավորումների մաս պետք է լինի»,- նշեց Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս