Ուժի կիրառումն անընդունելի է․ ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիային
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն անդրադարձել է Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների վրա հարձակմանը։
«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարությունն անընդունելի է որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը։
«Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները», նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: