Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար․ Զախարովան՝ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի սադրանքի մասին

Տեղ գյուղում տեղի ունեցածը վերահաստատում է փոխադարձ զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար միջոցներ են ձեռնարկել ՌԴ Զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ շփման գծում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ցավոք, ըստ առկա տեղեկությունների, կան զոհեր և վիրավորներ: Տարածքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար», – ասել է Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը:

«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի կողմից փոխադարձ զսպվածության և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը», – ընդգծել է դիվանագետը։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն

Տեսանյութեր

Լրահոս