«Այս պահին կրակոցներ չկան, ի սկզբանե, որ թշնամու մեքենան մոտեցել է, մերոնք փորձել են կանխել». Տեղ համայնքի ավագանու անդամ
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ըստ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմը՝ մեծաթիվ զոհեր և վիրավորներ:
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուսի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, հանգիստ է եղել նաև գիշերը։
«Այս պահին կրակոցներ չկան։ Ի սկզբանե, որ թշնամու մեքենան մոտեցել է, մերոնք փորձել են կանխել, դե, չմանրամասնեմ, գիտեք, թե բանակն ինչ է արել, բանակն իր պարտականությունները կատարել է»,- նշեց Արգամ Հովսեփյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ չկա այնպիսի բնակիչ, որ Տեղից դուրս եկած լինի, իսկ նրանք, որ երեկ գնացել էին հարևան գյուղեր, այսօր վերադարձել են ու անցել իրենց առօրյա գործին։
Խոսելով ադրբեջանցիների՝ Սիսիանում հայտնվելու մասին, որոնցից մեկին գյուղացիները բռնել էին, Արգամ Հովսեփյանը փոխանցեց.
«Դե, բնական է, որ որոշակի վախ կլինի, մարդ են»։
Հիշեցնենք, որ թշնամին Տեղ համայնքի ուղղությամբ առաջ էր եկել մարտի 30-ին՝ դիրքավորվելով Տեղի բնակիչներին պատկանող դաշտերում։