Արայիկ Հարությունյանին զեկուցվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման եզրափակիչ աշխատանքների մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 11-ին տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստ:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներկայացրել են իրականացված կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները, մասնավորապես՝ առաջնության բացման արարողության, անվտանգության ապահովման, մարզիկների տեղակայման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման վերաբերյալ:
Մեկ անգամ ևս ընդգծելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից ընդգծվել է նախապատրաստական աշխատանքները ժամանակին ու պատշաճ կատարելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Առաջնությունը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 14-ին: