Անահիտ Մանասյանի տեղեկությունները չեն բավարարում քաղաքացու վրա թքած Սիմոնյանի արարքը գնահատելու համար
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՄԻՊ պաշտոնում իշխանության առաջադրած թեկնածու Անահիտ Մանասյանին հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունի վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու երեսին.
«Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն վարքագիծը, որը նա դրսևորեց, երբ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին օգտվելով իր կարծիքի ազատ արտահայտման իրավունքից՝ ներկայացրեց իր քաղաքական գնահատականը, այն է՝ դավաճան, և ԱԺ նախագահը հրահանգեց՝ բռնել այդ մարդու ձեռքերը, հետո մոտենում է քաղաքացուն, թքում նրա երեսին և պատասխանում՝ դավաճանը մայրիկդ է:
Ես կխնդրեի ձեր գնահատականը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, այդ երևույթին, ինչպես նաև ելնելով արդարության, ազնվության սկզբունքից, որը դուք շատ կարևորեցիք, որ յուրաքանչյուր դեպք պետք է ստանա իրավաչափ վերաբերմունք, գնահատեք նաև՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»:
Մանասյանը պատասխանեց, որ գործի հանգամանքներին ամբողջությամբ չտիրապետելով՝ չի կարող որևէ տեսակետ հայտնել.
«Ես կարող եմ ընդհանուր ձևակերպում անել, որը հետագայում կկարողանամ շատ ավելի մանրամասնել կոնկրետ գործերի պարագայում, երբ ունենամ ՄԻՊ-ին վերաբերելի գործիքակազմ, որովհետև դա այժմ չունեմ, որևէ փաստ ստուգելու հնարավորություն և այլ գործիքներ:
Իմ հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառված լինի ատելության խոսքը, պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը, և ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և մարդու արժանապատվությանը…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում