Թբիլիսիում ընդդիմությունը բազմահազարանոց ցույց է կազմակերպել. պահանջներից մեկն էր Սաակաշվիլիի ազատ արձակումը

Վրաստանի խորհրդարանի առջև հազարավոր մարդիկ կիրակի օրը միացել են «Միասին դեպի Եվրոպա» խորագրով ակցիային, որը կազմակերպվել էր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմից:

Ցուցարարներն իշխանություններից պահանջում են կատարել Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները, ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, «Մթավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, ինչպես նաև մարտի 7-9-ը տեղի ունեցած ակցիաների մասնակից Լազարե Գրիգորիադիսին:

Ընդդիմությունն ակցիան կազմակերպել է ապրիլի 9-ին, երբ երկիրը նշում էր Ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և 1989 թ.-ին Թբիլիսիում զինվորականների կողմից բազմահազարանոց հանրահավաքը ցրելու հետևանքով 21 զոհերի հիշատակի օրը:

Ցուցարարներն իրենց հետ բերել են Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշները։

BBC-ն իր հերթին նշում է, որ Վրաստանում հասարակությունը մեծամասամբ եվրոպամետ է, կառավարությունը ևս հայտարարում է, որ ցանկանում է միանալ ԵՄ-ին, սակայն ընդդիմադիրների պնդմամբ՝ կառավարության գործողությունների պատճառով ԵՄ-ի անդամ դառնալու հնարավորությունները նվազում են:

Հունիսին Բրյուսելը պաշտոնապես Ուկրաինան և Մոլդովան անվանել է որպես Եվրամիության անդամի թեկնածու երկրներ, սակայն նշել է, որ Վրաստանն այդ կարգավիճակին հասնելու համար պետք է մի շարք քաղաքական և դատական բարեփոխումներ կատարի:

Տեսանյութեր

Լրահոս