«Ալեն Սիմոնյանը միայն քաղաքացու երեսին չէր թքել… Մեզ խաբելով՝ իրենք ընտրվեցին…». քաղաքացի
Երկար տարիներ Երևանում՝ Մաշտոցի պողոտայում, փողոցային առևտրով զբաղվող տիկին Անուշը դժգոհում է օրվա իշխանություններից, որ հասարակ ժողովրդի համար պայմաններ ստեղծելու փոխարեն, նրանց ապրուստի միջոցն են առգրավում:
Երկու օր առաջ քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկանության աշխատակիցներն առգրավել էին Մաշտոցի պողոտայում փողոցային առևտուր իրականացնող քաղաքացիների ապրանքը՝ միրգ, բանջարեղեն, ձուկ, կանաչի և այլն: Խոսքը մի քանի հարյուր հազար դրամի մասին է:
Անուշ Ֆրանգուլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը մեկն է՝ իրենց տարածք տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայում, որն ուղիղ 10 տարի առաջ՝ 2013 թվականին, վերածվել է «Երևան սիթի» սուպերմարկետի:
«Մեր ապրանքը հաճախակի հավաքում, տանում են, մեր բողոքը նրա մասին է, որ Պրոսպեկտի Փակ շուկայում՝ «Սիթիում» թող ասեն՝ այսքան գումար տվեք օրական, կանգնեք, մենք չենք հրաժարվում: Մեզ էլ հաճելի չի փողոցում կանգնելը, մենք էլ չենք ուզում, ստիպված ենք: Թող մեր ապրանքից հեռու մնան, հերիք է տանեն, դա գողություն է, գողն է նման բան անում»:
Տիկին Անուշի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցներն ասել են, որ իրենցից առգրավված ապրանքը տանելու են ծերանոց կամ մանկատուն, ինչին իրենք չե՛ն հավատում.
«Ինձ ասում է՝ ձուկդ տանում եմ ծերանոց, դե, որ տարել է ծերանոց, թող մի հատ թուղթ բերի տա, ասի՝ սա քո ձուկն է, այսքան արկղը տարել եմ էսինչ համարի ծերանոցին եմ տվել, ես էլ հասկանամ, որ դա ճիշտ է համարվում: Ես չեմ համոզվում, որ իմ ձուկը ծերանոց են տարել….»:
Տիկին Անուշը դժգոհ է Փաշինյանի կառավարությունից, պատճառը միայն փողոցային առևտրի դեմ իշխանությունների պայքարը չէ, ասում է՝ առաջինը հայրենիքի սահմաններն են.
«Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Ալեն Սիմոնյանը եթե հնարավորություն ունեն, թող մի հատ հրացան առնեն, ուղարկեն սահման, որ իմանամ՝ իրենք կարողանում են երկիր ղեկավարել, ոչ թե գան չարչարվող ժողովրդի աշխատանքը տանեն, ասեն՝ ծերանոց ենք տանում, ու առանց ամաչելու՝ ապրանքը մեքենայի միջից հանեն: Դա գողություն է համարվում, իմ մեքենայի միջից իրենք ապրանքը գողացել են:
Իսկ Սյունիքում տեղի ունեցողի մասին էլ ասեմ՝ ես սահմանում ծառայող զինվոր ունեմ, ես խոսում եմ իմ զինվորի մասին, որ խաղաղ երկրում ծառայի իմ զինվորը: Իմ տնից զինվոր կա ծառայող, Փաշինյանի տնից ո՞վ կա, Ալեն Սիմոնյանի տնից ո՞վ կա, Ավինյանի տնից ո՞վ կա: Իրենք ամեն ինչի հնարավորություն ունեն, թող ինձ էլ թողնեն, մի կտոր ցամաք հաց ուտեմ, իրենցից ավելի բան չեմ ուզում»:
Ինչպիսի՞ կարծիքի եք ձեր նշած պաշտոնյաներից՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքի մասին, երբ թքել էր քաղաքացու երեսին՝ իրեն դավաճան ասելու համար, հարցրեցինք առևտրով զբաղվող կնոջը.
«Ալեն Սիմոնյանը միայն քաղաքացու երեսին չէր թքել, գնացել էր Գնունու վրա, ովքեր մեքենաների կայանման համար կանգնած 300-500 դրամ փող են առնում, գումար էր տվել ու կես ժամ հետո բռնել էր տվել, մենակ չէ՛ր թքել, դա՛ էլ էր արել, թող նայեն իրենց արածները, նոր մնացածի մասին խոսեն:
Ասում է՝ երևանցի տղա եմ, հեչ չերևաց, երևանցի տղա է, թող երևանցիների շահերը պաշտպանի, բա խի՞ չի պաշտպանում, խի՞ չի ուզում հասկանա, որ երևանցուն աշխատանք է պետք, տուն պետք է պահի, երեխա պետք է պահի, բա էդ խի՞ չի ասում: Երևանցի տղեն երևանցուն պետք է պաշտպանի, բա որ իմ ապրանքը տանում են, Ալեն Սիմոնյանը տեղյակ չի՞, չի՞ ասում՝ էս երևանցուն խի՞ եք ճնշում, խի՞ եք հալածում, ինչո՞ւ եք մարդու ապրանքը մեքենայից գողանում, առգրավում: Իրենք իմ մեքենայից որ ապրանքը տարան, դա գողություն է համարվում, որովհետև իրենք փաստաթուղթ ցույց չեն տվել ինձ, որ իրավունք ունեն մեքենայից ապրանքը տանել: Մեքենան ջարդում էին, տաքսու վարորդը բանալիով փակել էր, որ ապրանքը չտանեին, տաքսու վարորդին խեղդում էին, ջարդում էին մեքենան. Ստիպված բացել է, ապրանքը տարել են:
Քաղաքացի տղա եմ, ի՞նչ անեմ՝ քաղաքացի տղա է, երբ քաղաքացին քաղաքացուն չի հասկանում: Իրենք հաց են ուզում ուտել, ես չե՞մ ուզում, երեխա չե՞մ պահում ես:
Այդ նույն օլիգարխների մայրերը տանը նստած են, բայց ես կարիք ունեմ, որ եկել եմ ստեղ: Թող թոշակս ավելացնի, երբ 50.000 դրամ փող ստանամ, չեմ գա այստեղ, 32.000 դրամով պետք է գամ, բա ի՞նչ պետք է անեմ: Հլը մի հատ 32.000 դրամ տամ էդ Ալեն Սիմոնյանի մորը, Ավինյանի մորը, Փաշինյանի մորը, տեսնեմ՝ էդ 32.000-ով կապրե՞ն մի՛ ամիս: Մեզ խաբելով՝ իրենք ընտրվեցին…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում