Արշակ Վարդանյանը ձայների անհարմար տարբերությամբ հաղթեց իշխանության թեկնածուին. ԲԴԽ-ն նոր դատավոր անդամ ունի
Այսօր 14.00-ից մեկնարկել է Դատավորների ընդհանուր ժողովը: Ժողովն ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամի:
Հիշեցնենք՝ ԲԴԽ երկու դատավոր-անդամների՝ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի 9-ին: Մինչ այդ այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամների ընտրության հարցն է դրված ԲԴԽ-ն լքող երկու դատավոր անդամների փոխարեն:
Վերաքննիչ քրեական դատարանից առաջադրվել է երկու թեկնածու՝ դատավոր Արշակ Վարդանյանը, որը մեծ հեղինակություն է վայելում մասնագիտական հանրության շրջանում և աչքի է ընկնում համարձակ ու անկախ որոշումներով, իսկ մյուս թեկնածուն նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն է, որը համարվում է իշխանություններին լոյալ դատավոր, և նրանք հենց Մխիթարյանին էլ փորձում են «տեղավորել» ԲԴԽ-ում:
Այս խնդիրը լուծելու համար ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ամեն ինչ արել է հնարավոր ու անհնարին բոլոր տարբերակներով Ռուբիկ Մխիթարյանի ընտրվելն իրականություն դարձնելու համար: Դատավորների համար այս ընտրությունն իրավամբ պատվի ու արժանապատվության հարց էր, և հենց այսօր կորոշվի՝ իրենք ուզում են անկախ դատական համակա՞րգ ունենալ, թե՞ դառնալ Կարեն Անդրեասյանի և քաղաքական իշխանության հլու-հնազանդ կամակատարը՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով:
Մի քանի ելույթներից հետո դատավորներն անցան քվեարկության: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցած 251 դատավորներից 172-ը քվեարկել է Արշակ Վարդանյանի օգտին, 71-ը՝ Ռուբիկ Մխիթարյանի:
ԲԴԽ նոր դատավոր անդամը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն է: