Պիտի ամեն կերպ հաղթահարենք դժվարությունները ու պատվով դուրս գանք այս իրավիճակից՝ ապրելով մեր հայրենիքում. Նորա Նավասարդյան
41-ամյա Նորա Նավասարդյանը մինչ պատերազմը ապրել է իր 4 երեխաների և ամուսնու մայրիկի հետ Հադրութի շրջանի գյուղ Ջրակուսում:
Նորայի ամուսինը՝ Նավասարդյան Դավիթը, զոհվել է 2014թ. հոկտեմբերի 1-ին Ջրականում:
Պատերազմից հետո տարհանված շատ արցախցիների նման իրենք էլ հաստատվեցին Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում:
Նորայի մեծ տղան բանակում ծառայել է վեց ամիս, որպես զոհվածի երեխա՝ հունվարի 30-ին զորացրվել է:
Մեծ աղջիկը ուսանողուհի է։ Երրորդ բալիկը 8-րդ դասարանում է սովորում, իսկ չորրորդ երեխային ունեցել է ամուսնու զոհվելուց մեկ ամիս հետո:
Ամուսնու մայրիկն էլ, ով առաջին կարգի հաշմանդամ է, ոչ քայլում է, ոչ խոսում, պատերազմից հետո ստիպված մեկնել է Ռուսաստանի Դաշնությունում ապրող իր դստեր մոտ:
«Մենք էլ քանի որ ոչ բնակարան ունեինք, ոչ էլ հստակ գիտեինք՝ որտեղ ենք բնակվելու, համաձայնվեցինք, որ տատիկը մեկնի, չնայած գիտեինք, թե որքան ծանր է լինելու իր համար:
Այժմ տատիկը շատ է ուզում վերադառնալ հայրենիք, գրեթե ամեն օր զանգում և հարցնում է՝ ճանապարհները բացվե՞լ են, թե՞ ոչ»,- պատմել է Նորան։
Մինչև շրջափակումը տիկին Նորան աշխատում էր միրգ-բանջարեղենի խանութում: Շրջափակման հետևանքով նա էլ բազմաթիվ մարդկանց նման դարձավ գործազուրկ:
«Երբ շրջափակումը եղավ, ես տանը որոշ քանակի պահուստային ապրանքներ ունեի, բայց փորձեցի մի քիչ էլ ուտելիք ձեռք բերել, քանի որ խանութներում դեռ որոշակի ապրանքներ կային:
Իմ ընտանիքը որևէ այլ տեղից ոչ մի օգնություն ստանալու հնարավորություն չունի, դե արդեն էլ գյուղ չունենք, որ գոնե բանջարեղեն այնտեղից տային:
Դրա համար փորձել ենք մինչև կտրոնների տրամադրելը հաղթահարել դժվարություններն այն ամենով, ինչ մեր տանը կար:
Կտրոնների տրամադրելուց հետո կարողացանք ավելի հանգիստ լինել, ձեռք բերել առաջին անհրաժեշտ ապրանքատեսակները:
Բայց, միևնույն է, բանջարեղենը և միրգը միշտ էլ սուղ է եղել, և ոչ միշտ ենք կարողացել ձեռք բերել, անգամ կտրոնների պարագայում:
Շատ ժամանակ փոքր երեխաս, երբ որևէ միրգ էր ուզում, ասում էի՝ կամ չկա, կամ հաջորդ անգամ, որովհետև շատ էր լինում, որ գնում էի հերթ կանգնում ու դատարկաձեռն վերադառնում տուն:
Եղել է նաև, որ ժամերով հերթ եմ կանգնել, կաղամբի մեկ չորրորդ մասը գնել ու եկել եմ տուն, ու չեմ հասկացել, թե ինչ պատրաստեմ, որ բոլորին էլ հերիքի:
Երբ կարողացել եմ կաղամբ ձեռք բերել, գազար, բազուկ չի եղել, դե, կարտոֆիլի մասին ընդհանրապես չեմ խոսում, որովհետև ոչ մի կերպ չեմ կարողացել գնել:
Առանց կտրոն միրգ-բանջարեղեն գնելիս՝ հերթը ինձ էլ է հասել, ու ապրանք կարողացել եմ ձեռք բերել, գները այնքան ահավոր բարձր են եղել, որ ստիպված մի քանի հատ եմ վերցրել, որ գոնե երեխաները ուտեն:
Մի անգամ էլ երեխայի հետ քայլում էի միրգ-բանջարեղենի խանութի մոտով, և երեխան, տեսնելով, որ բանան են վաճառում, ուզեց, որ գնեմ, բայց տեսնելով գինը՝ չմոտեցա: Չեմ կարողանում հասկանալ, չի՞ կարելի այնպիսի գներով վաճառել, որ մարդիկ գոնե կարողանան իրենց թույլ տալ ձեռք բերել, կամ էլ այնպիսի մրգեր բերել, որ մարդիկ կարողանան գնել, օրինակ՝ խնձոր:
Հիմա մի փոքր ավելի հեշտ է, արդեն կանաչեղենը դուրս է եկել, և գյուղացիները նորմալ գներով վաճառում են:
Այս ընթացքում մեր միակ եկամուտը եղել է որպես զոհվածի կին՝ իմ հասանելիք նպաստը: Այդ գումարն էլ բանկոմատներից հանելու համար ևս հերթեր ենք կանգնում, վերջում էլ 50 հազար դրամ ստանում, նորից նույնը՝ հաջորդ օրը:
Այս ամբողջ ընթացքում տաքանում էինք էլեկտրական տաքացուցիչներով: Լույսերը անջատվելու դեպքում շատ ցուրտ էր, և ստիպված՝ վերմակներով էինք ծածկվում, որ գոնե մի քիչ տաքանանք:
Շրջափակման ընթացքում երեխաները երկար ժամանակ դպրոց չեն հաճախել՝ ցուրտ լինելու հանգամանքով պայմանավորված։ Դպրոցները վերաբացվելուց հետո դպրոցահասակ երեխաներին փորձում ենք դասերը սովորեցնել ցերեկային ժամերի ընթացքում, որ երեկոյան լույսերը անջատվելու դեպքում մոմի լույսի տակ չսովորեն:
Ուսանող աղջիկս գրեթե չի կարողանում նորմալ դասերը սովորել՝ թույլ համացանցի պատճառով: Հովհարային անջատումների հետևանքով հաճախ դասերը սովորում է մոմի ու լամպի լույսի տակ»,- պատմեց տիկին Նորան:
Տիկին Նորան ուրախությամբ հավելեց, որ երկու շաբաթ առաջ, որպես զոհվածի ընտանիք, այսքան տարիներ հետո, բնակարան են ստացել:
Բնակարան ստանալու հանգամանքը տատիկին ավելի շահագրգռեց վերադառնալ Արցախ, արդեն ոչ մի օր ավել չի ցանկանում այնտեղ մնալ:
«Արդեն անհամբեր սպասում ենք ճանապարհի բացմանը, որ կարողանամ գնալ տատիկին բերել, գիտեմ՝ որքան է ուզում րոպե առաջ վերադառնալ հայրենիք:
Մենք էլ փորձելու ենք ամեն կերպ հաղթահարել դժվարությունները ու պատվով դուրս գալ այս իրավիճակից՝ ապրելով մեր հայրենիքում»,- ընդգծեց տիկին Նորան:
ԱՆՆԱ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ