Պատերազմում պարտվել ենք Փաշինյանի կառավարության որոշումների պատճառով. Կարեն Իգիթյան

Մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

Ըստ ԱԱԾ-ի մեկ այլ հաղոդրագրության՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների վերաբերյալ եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել, իսկ հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը հայ-ադրբեջանական սահմանագծին կատարվողը դիտարկեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, որի արդյունքում էլ արդեն իսկ կատարվում է սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանք։

Ըստ Կարեն Իգիթյանի՝ Ադրբեջանը, սեղմելով Հայաստանի շուրջ օղակը և օկուպացնելով Տեղ գյուղի տարածքները, նպատակ է դրել այս փուլի համար տիրանալ Տավուշի մարզի անկլավներին, Տիգրանաշենին, որով անցնում է Հայաստան-Իրան, կամ Երևան- Սյունիք ճանապարհը։

Կարդացեք նաև

«Ադրբեջանը վերցնում է Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող բարձրադիր դիրքերը՝ նպատակ ունենալով ամբողջական վերահսկողություն սահմանել Հայաստանն աշխարհի հետ կապող ճանապարհների վրա, ինչը անհրաժեշտ է Սյունիքի վրա հարձակում գործելուց առաջ։ Ադրբեջանը Հայաստանը ցանկանում է կտրել Իրանից, ինչից հետո ադրբեջանական ռազմական գործողությունների դեպքում փակ կլինեն Հայաստանի բոլոր սահմանները. հիշեք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ բաց էր միայն հայ-իրանական սահմանը, և հիմա խնդիր է դրված փակել նաև դա»,- ասաց Կարեն Իգիթյանը՝ ընդգծելով, որ Ալիևը դրանով չի բավարարվելու, քանի որ նրա թիրախում է նաև Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածը։

Ինչ վերաբերում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքները բացառապես Ազգային անվտանգության ծառայության և ոչ թե Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան փոխվարչապետերի մակարդակով ստեղծված եռակողմ հանձնաժողովի միջոցով անցկացնելուն, ապա Իգիթյանի մեկնաբանությամբ՝ դրա պատճառը մեկն է.

«Ազգային անվտանգության ծառայությունը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին. չկա 3-րդ կողմը՝ Ռուսաստանը, և այս դեպքում Նիկոլ Փաշինյանի համար իրավիճակն ավելի վերահսկելի է»։

Ըստ Կարեն Իգիթյանի՝ անհասկանալի է, թե այդ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է Հայաստանի զորքն իր դիրքերը հանձնել Հայաստանի ԱԱԾ-ին, ինչից հետո Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքներն այնքան, որքան կարողացել է։ Միևնույն ժամանակ՝ մեր զրուցակիցը չբացառեց, որ դա կարող է լինել դարձյալ պայմանավորվածությունների համատեքստում։

«Հայկական նախագծի» համահիմնադիրը շեշտեց՝ վտանգավոր իրավիճակ է սահմաններին ու առկա է էսկալացիայի լուրջ վտանգ, ինչը տարատեսակ թեմաներով փորձում է քողարկել գործող վարչախումբը, իսկ այս դեպքում մտահոգությունն ավելի է խորանում՝ նկատի ունենալով հատկապես նախորդ պատերազմում կրած պարտությունը։

«Իսկ այդ պատերազմում մենք պարտվել ենք Փաշինյանի կառավարության որոշումների պատճառով»,- ասաց Կարեն Իգիթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս