Բաժիններ՝

Խղճի ազատության օրենքը վերանայման կարիք ունի, և եկեղեցու ձայնը լսելի պիտի լինի. ԱԱԾ-ն անելիք ունի, ազգային անվտանգության հարց է. Գևորգ եպիսկոպոս Սարոյան

«Հայաստանն այս պահին գտնվում է ծանր վիճակում, և պատերազմն ամեն վայրկյան անխուսափելի է: Եվ այդ համապատկերում, ոչ ավել, ոչ պակաս, մեր բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի արձանի հարևանության ներքո քարոզում են, որ զենք բռնելը մեղք է, բանակում ծառայելն անհաժեշտ չէ, որը բացահայտ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանն ու մեր ազգի գոյությանը»,- երեկ Ծաղկազարդի տոնի առիթով Մասյացոտն թեմի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցած միջոցառումից հետո ասաց թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Մասյացոտն թեմի առաջնորդը նկատեց՝ չէր ուզենա պիտակավորել, բայց աղանդավորների գործողություններն իր համար նման են ներքին թշնամու գործողություններին:

«Առհասարակ «Խղճի ազատության» մասին օրենքը վերանայման կարիք ունի: Այս պահին, երբ Հայաստանը գտնվում է այսպիսի ծանր վիճակում, որևէ մեկն իրավունք չունի քարոզել, որ զենք վերցնելը մեղք է: Խոսքը վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը: Ավելին, կան տեղեկություններ, որ Եհովայի վկաները շատ վատ են արտահայտվում մեր նահատակների վերաբերյալ: Բազում ընտանիքներ ունենք, ովքեր իրենց զավակներին տվեցին հայրենիքի համար, ու այսօր ինչ-որ մի խումբ այդ ամենը հարցականի տա՞կ է դնում»,- ասաց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Ըստ նրա՝ աղանդի ռիսկերն ազգային անվտանգության տեսանկյունից հաշվի առնված չեն, հետևաբար՝ օրենքը պետք է վերանայել, և եկեղեցու ձայնն էլ պետք է լսելի լինի:

Կարդացեք նաև

«Սա ազգային անվտանգության խնդիր է: Մտնում են շենքեր, թողնում իրենց գրականությունը: Սա բացահայտ հոգեորսություն է: Իսկ մենք ի՞նչ գիտենք, թե ազգը պառակտելուն միտված աղանդներն ում կողմից են հովանավորվում Հայաստանում:  Ես վստահ եմ՝ մեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կունենա համապատասխան տեղեկություններ այդ մասին»,- ասաց Մասյացոտն թեմի առաջնորդը:

Նրա խոսքով՝ այս պայմաններում, երբ մեզ անհրաժեշտ է համախմբում, հայտնվում են մարդիկ, ովքեր ասում են՝ պետք չէ երկիրը պաշտպանել:

«Մարդիկ, ովքեր չունեն երկրի, հայրենիքի գիտակցություն… Այս մարդկանց համար չկա հայրենիք ասվածը, իրենց համար սահման գոյություն չունի: Իրենց համար մեկ է՝ հողը հայկակա՞ն է թե՞ ադրբեջանական: Բայց մեզ համար մեկ չէ: Չէ՞ որ այս հողի համար մենք հազարամյակներով արյուն ենք թափել»,- ասաց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Վերջինս շեշտեց՝ աղանդավորները շատ ագրեսիվ դիրքերից են հանդես գալիս, բավականին խիստ սպառնալիքներ են հնչեցնում, որոնք կարող են իրավական գործընթացներ սկսելու հիմք ծառայել:

«Ո՞վ է պատասխան տալու սրա համար, ի՞նչ իրավունք ունի այս երկրում որևէ մեկը սպառնալ մեկ ուրիշին, երբ օրենքը խախտողներն իրենք են, որովհետև իրավունք չունեն հոգեորսությամբ զբաղվելու: Աղանդավորները դեմ են նաև արյան փոխներարկմանը: Թող Առողջապահության նախարարությունը ասի՝ քանի երեխա, երիտասարդ ու ծեր է մահացել այդ պատճառով, որ Եհովայի վկաները թույլ չեն տվել արյուն փոխներարկել: Եթե մի աղանդ սպառնալիք է ազգի գոյությանը, ի՞նչ անենք, հանդուրժե՞նք…»,- եզրափակեց Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս