«Ես շատ եմ աղոթում, ու դա ամենևին էլ անօգնականությունից չէ». Հովհաննես Բաբախանյան

Հիսուս Նազովրեցի, Պետրոս առաքյալ, Մակդուֆ, Մերկուցիո, Հերոստրատ. 300-ից ավելի դերեր՝ ֆիլմերում ու ներկայացումներում, հավատարիմ հանդիսատես՝ աշխահի տարբեր ծայրերում: 168.am-ի զրուցակիցը Հովհաննես Բաբախանյանն է. Արտիստ, որն իրականացրեց «ամերիկյան երազանքը»:

Ամերիկյան երազա՞նք, թե՞ օբյեկտիվ անհրաժեշտություն. 13 տարի արտերկրում

«Օբյեկտիվ անհրաժեշտություն չկար, անկեղծ եմ ասում, ես այստեղ ունեցել եմ շատ լավ պայմաններ, և որպես ստեղծագործող՝ եղել եմ աշխատող դերասան. Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ողջ ռեպերտուարում զբաղված: Եվ այնպիսի դերեր, ինչպիսիք են՝ Մերկուցիո, Մակդուֆ, Պետրոս առաքյալ. կերպարներ, որ ցանկացած դերասան կերազի խաղալ, պարզապես տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար:

Ես հասկացա, որ ես ուզում եմ անել ավելին, քան արել եմ, ես հասկացա, որ մի տարիքում եմ, որ ցանկանում եմ ուժերս փորձել նաև դրսում, հասկանալ՝ ինչքանով կարող եմ ինտեգրվել՝ որպես դերասան, որպես երգիչ, և, փառք Աստծո, որ այս ամենը չտապալվեց»:

Գիտե՞ք՝ ինչի հաշվին հեշտ ստացվեց, որովհետև ես ունեի դասական հիմք. ինչի համար ամեն անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ուսուցիչներին: Ես նրանցից եմ սովորել, ես նրանցով եմ կայացել: Անուն-ազգանուններ, որոնք պարբերաբար կրկնում եմ. ամեն անգամ, երբ ես հիշում եմ իմ առաջին նկարահանումը կամ առաջին բեմելը, ես հիշում եմ այն համարձակությունը, որն ինձ տվել է Արմեն Խանդիկյանը, ամեն անգամ, երբ ես պետք է ինչ-որ բան ինքնուրույն ներկայացնեմ, ես հիշում եմ Հակոբ Ղազանչյանին, երբ նա բեմադրեց «Կոնտրաբասը», կամ երբ ես պետք է երգեի, ես երգելու ուժն ու իրավունքը ստացել եմ Ռաֆայել Հակոբյանցից, որը 4 տարի շարունակ աշխատել է ինձ հետ Կոնսերվատորիայում:

Սրանք՝ զուտ էմոցիոնալ կողմը, բայց ես այս մարդկանցից սովորել եմ թատերական, երաժշտական դպրոց` ինչն էլ դարձել է հիմք ինձ համար ԱՄՆ-ում: Երբեմն ինձ ասում են՝ դժվար չէ՞ր զրոյից սկսել. իհարկե, դժվար կլիներ, եթե ես զրոյից սկսեի, բայց ես ԱՄՆ եմ մտել մի ամբողջ ստվար քեյս իմ ձեռքին, ես ներկայացրել եմ իմ բոլոր աշխատանքները, ու արդեն 150 դեր խաղացած դերասան էի, այժմ արդեն դարձել է 350-ից ավելի: Սա նշանակում է, որ ես ոչ մի վայրկյան դադար չեմ ունեցել»:

Այցեքարտ դերերը

«Հայաստանում և Միացյալ Նահանգներում այցեքարտ դեր է եղել Հիսուս Նազովրեցին. ֆիլմում եմ կերտել այդ կերպարը և մի ներկայացման մեջ, որը կոչվում էր՝ «Ով ես դու, տեր», բեմադրվեց Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվեց /Դա անտրեպրիզա էր, որ Զատկի շրջանում խաղացինք, և որտեղ ևս ինձ վստահված էր Տիրոջ դերը/, ապա նաև՝ Ռուբեն Քոչարի «Մետամորֆոզ» ֆիլմում էի կերտել Հիսուս Նազովրեցի:

Դրանից բացի՝ նաև Մերկուցիոյի կերպարը թատրոնում ինձ շատ օգնեց, որովհետև ամերիկյան թատրոնում էլ խաղացի նմանատիպ դերեր: Խաղացի, օրինակ, Ջորդանո Բրունո, բայց, պատկերացրեք, Մերկուցիոյի էներգիայով: Այդպես էր ռեակցիան: Հայտնի պիես է. կոչվում է՝ «Մենք աստղափոշիներ ենք»: Խաղացել եմ նաև «Յուրինթաուն» մյուզիքլում, որում ինձ դարձյալ օգնել է Կոնսերվատորիայի դրված ձայնը, ծանրաբեռնվածությանը դիմանալը, որովհետև քսանհինգ օր շարունակ ամեն օր երգում ես…

Դրա համար երբեմն դերասանները, որ հանկարծ արժեք են առաջարկում իրենց աշխատանքի դիմաց, և շատ հաճախ, երբ արտահայտություն է հնչում՝ լավ, հինգ օրվա աշխատանքի դիմաց՝ այդքա՞ն, բայց չեն հասկանում, որ այդ հինգ օրվա որակյալ աշխատանքին դու հասել ես քո հիսունհինգ տարիների ընթացքում»:

Համագործակցություն արտերկրում

«Միացյալ Նահանգներում քիչ են ռեպերտուարային թատրոնները. անտերպրիզայի մասին է խոսքը, որոնց մեջ դու ընդգրկվում ես հավելվածի միջոցով. դու առաջարկում ես քո դերակատարման տարբերակը, հաստատում են, կամ՝ ոչ:

Արդեն նշեցի խաղացածս մի քանի դերերի մասին: Խաղացել եմ նաև մոնոներկայացումներում, որոնք և՛ իմ բեմադրածն են եղել, և՛ Հակոբ Ղազանչյանի, և՛ նաև կինս է բեմադրել՝ Մարի Մսրյան-Բաբախանյանը՝ ինչպես «Պատգամ» մենաներկայացումը, որը հայերեն խաղացի Հայաստանում և նաև՝ տարբեր լեզուներով՝ աշխարհի տարբեր երկրներում: Այս ստեղծագործությունը Կարեն Խաչատրյանի՝ «Խաչկար»-ի էսսեների հիման վրա հավաքված պիես է Ցեղասպանության թեմայով:

Այժմ «Գարին և Գրեյսը» ներկայացումը բեմադրեցինք, որդիս՝ Գոռ Բաբախանյանն է բեմադրել: Խաղում եմ դերասանուհի Նարինե Չիլինգարյանի հետ: Շատ տաղանդավոր աղջիկ է: Ի դեպ, միասին Գեղարվեստաթատերական ինստիտուտում ենք սովորել: Պիեսի հեղինակը Խորեն Արամունին է: Փայլուն ստեղծագործություն է, որն արդեն կխաղանք մայիսի տասներկուսին ԱՄՆ-ում՝ Իլ Պորտալ թատրոնում:

Իսկ կինոյում ավելի շատ եմ խաղացել, որովհետև այն ագենտը, որի հետ համագործակցում եմ, Հոլիվուդյան ագենտ է՝ հենց կինոյի գծով: Նկարահանվել եմ Կեղծ տեղեկատվություն ֆիլմում. Այստեղ խաղում եմ Մարտին Քովի, Էրիկ Ռոբերտսի, Ջոն Սավիջի, Սոֆիա Միլոսի հետ: Նկարահանվել եմ նաև S.W.A.T. ֆիլմում, որտեղ խաղում եմ Շմար Մուրի հետ: Տարբեր հեռուստատեսային սերիալներում եմ խաղացել: Այնտեղ դժվար է մտնել այդ ամենի մեջ. Երբ սկսվում է, պարբերաբար այնպիսի քանակ է գոյանում, որ հետո դժվարանում ես հիշել հերթականությունը. Շուկան մեծ է, գործը շատ է:

Այժմ էլ, երբ մեկնեմ Միացյալ Նահանգներ, նկարահանվելու եմ դեդեկտիվ ֆիլմում, որի նկարահանումները կսկսենք ապրիլի ութից: Եվ, իհարկե, ունեմ մեծ պրոյեկտ՝ «Սայաթ-Նովա». անգլերեն: Ուզում ենք վերսկսել աշխատանքները, որովհետև նախնական աշխատանքներն արված էին, երբ սկսվեց համավարակը: Ըստ Ասլան Ասլանյանի մատենագրության է այս «Սայաթ-Նովան»: Պետք է ներգրավված լինեն ամերիկյան նշանավոր աստղեր»:

Մտավորականը

«Մտավորական չկա՝ առանց ժողովրդի, առանց իր ժողովրդի ցավը զգալու, ապրելու, հասկանալու և փորձեր կատարելու օգնելու։

Ես շատ եմ աղոթում, ու դա ամենևին էլ անօգնականությունից չէ․ այնպես չէ, որ ես էլ ճար չունեմ, դրա համար եմ աղոթում, պարզապես ես հաստատ գիտեմ, որ փրկությունն աղոթքի մեջ է՝ մարդու, ազգի, ժողովրդի, աշխարհի փրկությունը՝ աղոթքի մեջ։

Եվ մենք պետք է կարողանանք մեր մեջ կոտրել հպարտությունը, գոռոզությունը․ ես չեմ խոսում արժանապատիվ լինելու մասին, և լինենք արժանապատիվ, արու քրիստոնյա․ մեր թագավորներն այդպես են հաղթել՝ քրիստոնեաբար։ Մենք պետք է լինենք ուժեղ, ամուր և առաքինի․ սա է հայի զենքը, ուրիշ կերպ չենք հաղթի։ Առաքինությունը պիտի լինի մեր դրոշը։ Սա կարևոր է։ Մենք պետք է Աստծուն ապավինենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս