Մինչև ո՞ւր կհասնի կոռուպցիայի գաղտնազերծումը

Կոռուպցիայի բացահայտում սովորաբար տեղի է ունենում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Կոռուպցիոն դրսևորումներ ամեն տեղ էլ կարող են լինել, այլ բան, թե տվյալ պահին որքանով են իշխանությունները շահագրգռված դրանք գաղտնազերծել ու հրապարակայնացնել։

Վերջին տարիների իշխանությունների քայլերը ցույց են տալիս, որ կոռուպցիան գաղտնազերծվում է այն ժամանակ, երբ առաջանում է դրա քաղաքական նպատակահարմարությունը. պետք է նախարարին կամ նախկին նախարարին, քաղաքապետին կամ նախկին քաղաքապետին, այլ պաշտոնյաներին իրենց տեղը ցույց տալ, անմիջապես հայտնվում են նրանց հետ կապված կոռուպցիայի ու չարաշահումների համատարած փաստեր։ Կարծես մինչ այդ այդպիսի փաստերը չկային և մեկ օրում հայտնաբերվեցին։

Իրականում դրանք մինչ այդ էլ կային, պարզապես գաղտնազերծվում են միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Չեն հանրայնացնում այնքան ժամանակ, քանի դեռ նույն գծի մեջ են։ Հենց մի փոքր շեղվում են՝ չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները դուրս են գալիս ջրի երես։ Հաճախ նույնիսկ կարևոր էլ չէ, թե հետագայում դրանք ինչ են լինում։

Հավանաբար շատերը կհիշեն, թե չարաշահումների ու կոռուպցիոն դրսևորումների ինչպիսի մեծ չափաբաժին դրվեց շրջանառության մեջ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված, երբ վերջինս շեղվեց իշխանության քաղաքական գծից, սկսեց ակնարկներ անել վերևների անօրինականությունների հետ կապված բացահայտումներ անելու վերաբերյալ։ Անմիջապես հայտնվեց վերահսկողական ծառայությունն ու հայտարարեց Հայկ Մարությանի քաղաքապետ աշխատած տարիներին քաղաքապետարանում հայտնաբերված բազմաթիվ անօրինականությունների, չարաշահումների ու կոռուպցիոն երևույթների մասին։

Կարդացեք նաև

Հայտնաբերված խախտումները հասնում էին 20 մլն դոլարի։ Դրանք առնչվում էին պետական ֆինանսներին, ճանապարհաշինական աշխատանքներին, քաղաքապետարանին ենթակա ընկերությունների գործունեությանը, բենզինի օգտագործմանը, արտասահմանյան գործուղումներին, պետական գնումներին և այլն։

Միայն փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման և այլ աշխատանքների շրջանակներում վերահսկողական ծառայությունն արձանագրել էր գրեթե 543 մլն դրամի ոչ նպատակային օգտագործում և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպք։

Թե հետո ի՞նչ եղան այդ «բացահայտումները», որոնք այն ժամանակ մեծ աղմուկ առաջացրեցին, հայտնի չէ։ Գուցե այլևս հայտնի էլ չդառնա, որովհետև այն արդեն կատարել է իր խնդիրը։

Ո՞վ է հիմա հիշում Հայկ Մարությանի ու նրա կողմից իշխանություններին արվող ակնարկների մասին։ Հիմա արդեն ո՛չ իշխանություններն են խոսում Հայկ Մարությանի քաղաքապետ եղած տարիներին «բացահայտված» տասնյակ միլիոն դոլարի խախտումների ու չարաշահումների մասին, ո՛չ էլ Հայկ Մարությանն է հիշում իշխանությունների կամայականությունների ու ճնշումների մասին։ Եկուստեք հավանաբար եկել են փոխշահավետ համաձայնության ու մոռացել չարաշահումներն էլ, կոռուպցիոն դրսևորումներն էլ։

Եթե հետո ինչ-որ բան այնպես չգնա, դրանք կրկին կդրվեն շրջանառության մեջ։

Այնպես, ինչպես եղավ Առողջապահության նախկին նախարարի պարագայում։ Այնպես չէ, որ միայն հիմա իմացան, որ 2 տարի առաջ քովիդի հետ կապված չարաշահումներ ու վատնումներ են եղել։ Պարզապես պետք էր այս պահին որոշ մարդկանց ցույց տալ իրենց տեղը՝ դրանք հանվեցին ջրի երես։ Հետո կհաստատվի՞, թե՞ կջրվի-կգնա, այլևս էական չէ։

Ժամանակին կոռուպցիայի մեղադրանքով աղմկոտ գործ հարուցվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վրա։ Ո՞վ է հիմա հիշում, թե ի՞նչ եղավ այդ գործը, չնայած տարիներ են անցել։

Դավիթ Սանասարյանն այդ ընթացքում հասցրեց կուսակցություն բացել ու տեղավորվել իշխանության գծի մեջ, դառնալ արտախորհրդարանական այն ուժերից մեկը, ովքեր ֆոն են ապահովում Նիկոլ Փաշինյանի համար։

Որ այսօր կոռուպցիան Հայաստանում պակաս տարածված չէ, քան նախկինում, փաստում են նաև միջազգային կառույցները։ Ընդ որում, որքան էլ իշխանությունները փորձում են, չգիտես՝ իրե՞նց, թե՞ հասարակությանը համոզել, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, վերջերս ԱՄՆ Պետդեպի զեկույցը, ի հեճուկս իշխանությունների, բոլորովին այլ բան էր արձանագրել։ Առ այն, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարություն, հանքարդյունաբերություն, պետական կառավարում, խորհրդարան, դատական համակարգ, գնումներ ու պետական աջակցության տրամադրում: Մեղադրանքներ էին հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ՝ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության վերաբերյալ։

Զարմանալի զուգադիպությամբ, միջազգային որոշ կազմակերպությունների նման գնահատականներից անմիջապես հետո, իշխանությունները հանկարծ զարթնեցին ու սկսեցին կոռուպցիոն սկանդալներ փնտրել։ Ձերբակալեցին, հետո, իհարկե, բաց թողեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարին, որն ընդամենը մեկ-երկու օր էր ազատվել պաշտոնից։ Մեկ-երկու այլ պաշտոնյաներ ևս անցան ձերբակալություններով ու հարցաքննություններով։

Զուգադիպությամբ թե պատահականությամբ՝ դա համընկավ հերթական քաղաքապետի հրաժարականի հետ։ Քանի դեռ նա քաղաքապետ էր, իրավապահները չէին հիշում քաղաքապետարանի պաշտոնյաներին։ Հենց ազատվեց, հանկարծ հիշեցին։

Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, թե մեծ գումարի չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել բժշկական տարբեր հիմնարկներում՝ պետական պատվերի իրացման շրջանակներում։

Հերթը հարկային մարմիններինն է։

Կոռուպցիայի, կաշառակերության, պետական միջոցների վատնման ու չարաշահումների հետ կապված՝ առաջիկայում ևս, ամենայն հավանականությամբ, ակտիվ «բացահայտումներ» կլինեն։ Դրանով կփորձեն ցույց տալ, թե ինչպիսի պատասխանատվությամբ ու վճռականությամբ են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարում։ Չնայած պետական պաշտոնյաների ճոխություններն ամեն ինչ ասում են։ Մինչև իշխանության գալը սուրճի փող չունեին, իշխանության գալուց հետո բարձրակարգ ռեստորաններ ու սրճարաններ են այցելում, էլիտար բնակարաններ ու ճոխ առանձնատներ են ձեռք բերում, անշարժ ու շարժական գույքեր են գնում, եղածները թարմացնում ու վերանորոգում-վերակառուցում, և այսպես շարունակ։ Մի կողմից՝ ցույց են տալիս, թե իբր ծայրահեղ անհանդուրժող են կոռուպցիայի ու նման երևույթների նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ «չոր աշխատավարձով» կարճ ժամանակում հասցնում են հսկայական կարողություններ կուտակել։

Կոռուպցիա կա՞ այդ ամենի մեջ, թե՞ ոչ, կերևա հետագայում, երբ ժամանակը գա։ Հիմա հավանաբար դեռ ժամանակը չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս