«Յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է իր անվտանգությունն ապահովի». Ալվինա Գյուլումյան

ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել է, որ եթե նույնիսկ Ադրբեջանի հետ ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա դա չի կարող երաշխիք դառնալ, որ Հայաստանը, Արցախը զերծ կմնա ադրբեջանական սադրանքներից։

Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ կարևոր է արցախահայության անվտանգության ու իրավունքների պաշտպանությունը՝ առհասարակ չխոսելով Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, արցախահայության իրավունքները պետք է պաշտպանվեն միջազգային մեխանիզմների ներդրմամբ՝ չմանրամասնելով, որ եթե չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, ապա ինչ այլ միջազգային մեխանիզմներով պետք է արցախահայությունը կարողանա ապրել իր հայրենիքում։ Դրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, որ Ադրբեջանն արցախահայությանը ցեղասպանելու նախապատրաստություն է իրականացնում։

«Հարկ եմ համարում նորից կրկնել, որ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: Այս փաստը ստուգելու համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը, հիշեցնեմ, որ Ադրբեջանն ինքն է մերժել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ, բայց այդ առաջարկն ուժի մեջ է, և կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա, և դրա միջոցը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ գործուղելն է:

Կարդացեք նաև

Իսկ, որ Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակ, հանրահայտ փաստ է: Այդ բանակի գոյությունն ու գործունեությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու  ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են, ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է: Մենք պետք է հետևողականորեն շարունակենք միջազգային հանրությանն իրազեկել այս մասին և աշխատենք միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ»,- կառավարության վերջին նիստում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, միջազգային ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր պաշտպանել արցախահայությանը։

168.am հետ զրույցում Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը մեկնաբանելով այս հարցը՝ կարճ ասաց.

«Իրավական տեսանկյունից ես այս պահին չեմ կարող ասել որևէ միջազգային մեխանիզմ։ Բայց մեկ բան հստակ կարող եմ ասել՝ յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է իր անվտանգությունն ապահովի։ Միայն այսքան բան կարող եմ ասել»։

Տեսանյութեր

Լրահոս