Բաժիններ՝

Ինչո՞ւ պետք է կոչումը խանգարի, ասենք, երիտասարդ բժիշկների հետ շփվելիս.Վաստակավոր բժիշկները՝ կոչումների չեղարկման մասին

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել պատվավոր կոչումները և շնորհելու կարգը՝ հաշվի առնելով թիրախային անձանց այլընտրանքային պարգևատրման կամ խրախուսման առավել արդիական եղանակների կիրառման հնարավորությունը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած օրենքով պատվավոր կոչումների նախատեսման նպատակն ի սկզբանե եղել է առանձին ոլորտում առանձնակի հաջողություններ և ներդրում ունեցած անձանց խրախուսելը, պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը: Ավելին, պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն՝ բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների և կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա:

Վերոգրյալի հիման վրա առկա է անհրաժեշտություն՝ չեղարկելու Օրենքով նախատեսված պատվավոր կոչումները՝ հետևյալ հիմնավորումներով:

Մշակույթի և արվեստի, Հանրակրթության և գիտության, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, Տնտեսության, ճարտարապետության և շինարարության, վաստակավոր իրավաբանի և վաստակավոր լրագրողի ոլորտներում նախատեսված պատվավոր կոչումների հետ միասին առաջարկվում է չեղարկել նաև առողջապահության ոլորտում սահմանվածը. Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը շնորհվում է առողջապահության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած, մասնագիտական բարձր կարողություններ և հաջողություններ ունեցող, անձնվիրություն ցուցաբերած բժիշկներին: Եվ հիմնավորման մեջ նշված է, որ մասնագիտական բարձր կարողություններ և հաջողություններ ունենալու, անձնվիրության վերաբերյալ սկզբունքները անորոշ են և հարաբերականորեն չափելի ցուցիչներ չեն: Վերոնշյալի գնահատման մեխանիզմներ ևս առկա չեն, ինչպիսի պայմաններում վաստակավոր բժշկի կոչման շնորհումը բացասական ազդեցություն է ունենում բժշկական հաստատությունների և առհասարակ բժշկական հանրույթի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, և հնարավորություն չի տալիս առողջապահական ծառայությունների շահառու հանդիսացող հանրությանը՝ կանխատեսելի, չափելի և օբյեկտիվ չափանիշով առանձնացնել ոլորտի իրական բարձր պրոֆեսիոնալներին:

Կարդացեք նաև

«Եթե արժանի է, ուրեմն ճիշտ է տրված կոչումը: Արժանի է, դրա համար տալիս են այդ կոչումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2007-ին Հայաստանի վաստակավոր բժշկի կոչման արժանացած Արթուր Շուքուրյանը:

2015թ. վաստակավոր բժշկի կոչում ստացած Աշոտ Սոֆյանն էլ նշեց, որ տեղյակ չէ նախագծից, բայց չի հասկանում, թե ինչու են ուզում հանել պատվավոր կոչումների մասին դրույթը օրենքից:

Մեր հարցին՝ կոչումը խանգարե՞լ է հատկապես երիտասարդ կոլեգաների հետ շփումների ժամանակ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ իհարկե, վաստակավոր բժիշկ եմ, բայց դա երբեք չի խանգարել շփման դեպքում: Ինչո՞ւ պետք է կոչումը խանգարի, ասենք, երիտասարդ բժիշկների հետ շփվելիս: Ընդհակառակը, վաստակավոր բժիշկն իր գիտելիքները կիսում է, ուղղություն ցույց տալիս երիտասարդին»:

Տեսանյութեր

Լրահոս