
ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբ

ՔՈ նախընտրական շտաբը ահազանգում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։
ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում։
Մեր վստահված անձանց դիմում-բողոքները նշված անձանց ինքնությունը պարզելու, ընտրողներին ուղղորդելուն միտված գործողությունները կասեցնելու պահանջի մասին ընտրատարածքային հանձնաժողովները, ըստ էության, դադարել են քննել։
Ընտրակաշառքը վերջին այլանդակ ընտրախախտումն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նույնականացնում է այն քաղաքական ուժերի հետ, որոնց դեմ պայքարում էին այդ կուսակցության բազմաթիվ ազնիվ համակիրներ տարիներ առաջ։
Նման գործելակերպը կասեցնելու գործառույթը պետական մարմիններինն է և առաջին հերթին՝ ՔՊԿ առաջնորդներինը։
ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը հայտարարում է, որ նշված դեպքերով տեղեկատվությունը ճշտելու , առերևույթ հանցագործության հատկանիշներով արարք կատարող անձանց նույնականացման ուղղությամբ դադարեցնում է որևէ գործողության իրականացումը։
Պետության և կառավարող ուժի հեղինակության մասին նախ և առաջ պետք է մտածի իշխող ուժը, որին հավատացել է հասարակ քաղաքացին 2018թ․-ին»։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։