Այս խունտան ինքն է մոտեցնում իր մահը, ամբողջ հարցն այն է՝ ի՞նչ կավերի, քանի՞ հոգու իր հետ կտանի․ Արթուր Սահակյան
«Գոյը» միայն թատրոնի անուն չէ, մենք այսօր գոյամարտի մեջ ենք, և դա միայն թատրոնի մաստշաբով չէ, վիճակն իսկապես շատ լուրջ է։ Հայաստանն ընդունեց Հռոմի ստատուտը, որով կարող է ձերբակալել Պուտինին։ Սրանք փորձելու են Պուտինին ձերբակալե՞լ։ Պատկերացրեք, թե դրան ինչ պատասխան կարող է լինել, և մենք դարձյալ ասելու ենք՝ ռուսները մեզ կրկին մեջքից խփեցին։ Այս պայմաններում մենք, բնականաբար, գոյամարտի մեջ ենք՝ մեր թատրոնի մասշտաբների մեջ, խոսում ենք արվեստի լեզվով։ Ինչ-որ մարդիկ, որոնք երբեք արվեստ բառն էլ չեն լսել, սկսում են արվեստի մասին ՊՈԱԿ-ներով խոսել։ Ո՞վ է ավելի նման ՊՈԱԿ-ի՝ մե՞նք, թե՞ իրենք։ Մենք գոնե հոգով ՊՈԱԿ չենք՝ ի տարբերություն իրենց։ Մի ՊՈԱԿ-ը միացնում են մյուսին, որ նույն շենքում երկու ՊՈԱԿ չլինի, երբ չգիտեն էլ՝ ՊՈԱԿ բառի տակ ինչ ռեզերվ կա, քանի հոգի են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բեմադրիչ, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:
«Այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ այս խունտան բացարձակ սուտ է խոսում, ինչպես միշտ է արել, և դա անում է՝ նյութին չտիրապետելով։ Նա, ով հարցից գաղափար չունի, ասում է՝ այո՛, թող մեկը միանա մյուսին։ ՊՈԱԿ-ը պետական է, ոչ թե իմքայլական, պատկանում է պետությանը։ Ցավալիորեն, պետությունը ժամանակավորապես սրանք են կառավարում և որոշել են հարցեր լուծել։ Բազմաթիվ հուդաներ ունենք։ Ամեն ինչ իր ծնունդով իր մահն էլ է ծնում, ամեն օր գնալով մահվանն է մոտենում, բայց ամբողջ հարցն այն է՝ ի՞նչ կավերի, քանի՞ հոգու հետը կտանի, և դա հետո վերականգնել կլինի՞։ Ավերածն է սարսափելի։ Այս ամենը վճարված է, փողն է որոշում։ Սրանք երևակայություն չունեն, ինչի՞ վրա են ծախսում իրենց աշխատավարձերը։ Ասենք, մի փողկապ ու գլխարկ գնեցին, մնացածը կուտակում են ինքնաթիռի տոմսի համա՞ր»,- ասաց արվեստագետը:
«1996 թվականին տղաներով բեմադրեցինք «Խաթաբալադան»։ Այն ժամանակ Վանո Սիրադեղյանն էր ամեն ինչ որոշողը։ Մեր հերոսին անընդհատ նմանեցնում էին Վանոյին, բայց մենք ներկայացումը նրա մասին չէինք արել, այլ Ֆաուստի։ Մարդիկ ամեն ինչ նույնականացնում են ծանոթ կերպարի հետ, Ֆաուստին առանձնապես ծանոթ չէին։ Մեզ մոտենում, հարցնում էին՝ ձեզ չե՞ն վախեցրել, չե՞ն ծեծել, ասում էինք՝ ոչ։ 2002-ին բեմադրվեց «Մեա Կուլպան», օրվա իշխանությունը եկավ-նայեց, բայց ոչ մի բառ չասաց։ Այն խաղացինք ուղիղ 15 տարի։ Իսկ քանի որ Վահրամ Սահակյանի ընթացիկ ներկայացումներից մեկն ավարտվում էր կոչով, հաջորդ անգամ նրան դահլիճ չտրամադրեցին, թեև պայմանագիրը կար։ Այլ դահլիճներ էլ չկարողացավ գտնել, ի վերջո, ստիպված գնաց «Մոսկվա» կինոթատրոն և Ճարտարապետի տուն։ Այնտեղ էլ աուդիտ են անում, հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի գտնեն ջազ նվագախմբի ստուգումներով, դուրս չգրված գործիքնե՞ր»,- նշեց Սահակյանը:
Ռեժիսորի պնդմամբ՝ մարտի 27-ին՝ թատրոնի տոնին և «Արտավազդ» մրցանակաբաշխությանն ընդառաջ՝ քաղաքապետարանն առաջարկել է այն վերածել Տիգրան Ավինյանի քարոզարշավի. «Քաղաքապետարանը մերժում է ստացել, նրանց ասել են, որ չեն դառնալու քարոզարշավի մաս, բայց փոխարենը՝ իրենց հերթին, նույն օրը թատերական գործիչներին հրավիրել են «Դվին» հյուրանոց։ Պետք է լինել «Արտավազդի» կողքին, այն արդեն այլախոհական է դառնում։ Լիլիթ Մակունցը ժամանակին ինձ հրավիրեց՝ կազմակերպելու Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգը։ Նա չէր էլ հասկանում՝ ում պատվին է համերգ կազմակերպում։ Սրանց գալու հենց առաջին վայրկյանից հասկանալի էր՝ սրանք ով են»:
«Սիրենաներն ու վուվուզելները փչացնում են օդի իոնները և տագնապի վիճակ են ստեղծում մեր մեջ։ Սիրենան միշտ պիտի լինի քաղաքում, և սրա խորհրդանիշը դարձան վուվուզելները, իսկ դա հոգեբանական զենք է։ Դրանով աֆրիկացիները մամոնտների են որսում։ Այս ամենը վճարված, կատարված հանձնարարականներն են։ Խելահեղ տեմպի մեջ ենք՝ հիմնը փոխենք, Արցախում կրակեցին, Բերձորը հանձնվում է, և այլն, և այլն, և հոգնում ես, անկախ քեզնից՝ քեզ կտորների են բաժանում, պառակտում են, դու չես կարողանում կենտրոնանալ, և դա տեխնոլոգիա է։ Նման գունավոր հեղափոխությունների վրա ինստիտուտներ են աշխատել, ատենախոսություններ են գրվել»,- ամփոփեց Արթուր Սահակյանը: