«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամենասրբապիղծ քայլերին». Աշոտ Անդրեասյան
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հողին հավասարեցնելու ուղղությամբ:
«Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այնքան վատացնի, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր լինի, ՌԴ-ին թշնամի նայելու և այլն: Եթե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է այս կամ այն երկրի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, մենք ինչքան էլ մտահոգ լինենք, ինչքան էլ մեզ տվյալ իրավիճակը հետաքրքրի, ինչքան էլ մեր գործողությունները նպաստեն կամ չնպաստեն տվյալ իրավիճակին դրական կամ բացասական առումով, մենք այդքան լծակներ չունենք, ինչքան իշխանությունները, որպեսզի ինչ-որ բան փոխեն: Երրորդ նախագահը երեկ ասաց, որ ինչպես կարելի է աշխարհի հզորագույն տերություններից մեկին բացատրել, թե որն է իր շահը, իրենք տեսել են 4-5 տարի՝ Հայաստանի գործող իշխանություններն իրենց ինչպես են վերաբերվում, և դրանից հետևություններ են արել. այս իշխանությունների մնալու դեպքում կարելի՞ է դաշնակցային հարաբերություններ վարել, կարելի՞ է այս իշխանությունների հետ Հայաստանը դիտարկել՝ որպես շատ մոտ դաշնակից: Երրորդ նախագահի ասածն այն էր, որ այս իշխանություններն ամեն ինչ բոլորի հետ փչացրել են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, ոչ թե Հայաստանը՝ ՀԱՊԿ-ից, հետևյալն ասաց. «Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ բոլոր այն մարդկանց վրա (իրավունք չունեի բացահայտ ծիծաղելու), ովքեր ռուսներին բացատրում էին ռուսների շահերը, կամ նրանց բացատրում էին, թե ինչ քայլեր պետք է անեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու»: Սերժ Սարգսյանը նաև հավելել էր, որ քանի որ սա վերաբերում է ՀՀ անվտանգությանը, միայն իշխանությունների խնդիրը չէ, շատ երկար մտածել պետք չէ և պետք է ճիշտ որոշում կայացնել:
Աշոտ Անդրեասյանը նկատեց՝ նույնիսկ գերբնական ուժերը չեն կարող Փաշինյանին ազատել պատերազմի պարտության պատասխանատվությունից. «Նա այնքան մեղք է գործել, այնքան դավաճանական գործողություններ է արել, այնքան սրբապիղծ է, որ մեր երկիրը վաճառել է թուրքին, որ մեր եղբայրներին կարող էր չտանել մահվան, բայց տարել է և արդարացել, որ փրկում է մնացած 25-30 հազար զինվորի կյանքը: Պատերազմը սկսեց հանձնելու պատրվակով, այդ ընթացքում ոչնչացրեց մեր եղբայրներին, պայմանավորվեց, որ այս կամ այն տարածքը գրչի ստորագրությամբ հանձնելու է: 44 օրվա ընթացքում ադրբեջանցիները Թուրքիայից և Սիրիայից բերված վարձկանների օգնությամբ կարողացել են գրավել Արցախի մոտ 20 տոկոսը, իսկ Արցախի մնացած հատվածը Նիկոլ Փաշինյանը, 44 օր պատերազմելուց հետո, հանձնել է մեկ գրչի ստորագրմամբ: Հիմա արդարանում է, ասում է՝ պատերազմ եղավ, զենք չունեինք, թալանված էր… Երրորդ նախագահը նշեց, որ այս իշխանությունների մոտ ամենից լավ ստացվում է սուտ խոսելը, և այդ լկտի սուտը Նիկոլ Փաշինյանը միշտ օգտագործում է, որպեսզի տվյալ իրավիճակում ջրից չոր դուրս գա: Այս ամենը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամենասրբապիղծ քայլերին, միայն թե իր ծրագրերը տանի առաջ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում