Ստալինի և օպորտունիստ Փաշինյանի ձեռագիրը նույնն է՝«պայքարել» իբր 5-րդ շարասյան դեմ, թուլացնել երկիրը, պատերազմից առաջ գլխատել բանակը. ստացվում է՝ 5-րդ շարասյան ղեկավարը հենց Փաշինյանն է. Արթուր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

• Բանակցություններում պետք է հասկանալ, թե ինչ շահեր են հետապնդում հայկական և ռուսական կողմերը: Ռուսաստանն ուզում է ամրապնդել տարածաշրջանում իր առաջնորդության դիրքերը: Նիկոլ Փաշինյանը և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ է խաղեր տանում՝ մեկին մի բան է ասում, մյուսին՝ այլ բան: Ընդ որում, որևէ կողմը նրան չի վստահում: Երկու ճամբարի միջև գտնվելը՝ երկրի համար վտանգավոր խաղի ընտրություն է, որովհետև դու չգիտես՝ որ կողմն է հաղթելու, և նրանց հակամարտությունը դու բերում ես քո երկիր:

• Մենք համարո՞ւմ ենք, որ բանակցություններում Ալիևը պարկեշտ կողմ է…Ես՝ ոչ, Փաշինյա՞նը…

Կարդացեք նաև

• Իլհամ Ալիևը երկու ճամբարի հետ ավելի հստակ խաղ է տանում՝ կոպիտ, ցինիկ, հստակ հաշվարկված շահերի հիման վրա խաղ: Դրա համար էլ ավելի վստահ է զգում ինքն իրեն:

• ՀՀ ԱԳՆ և ՌԴ ԱԳՆ ղեկավարների ասուլիսում Սերգեյ Լավրովը հակասական հայտարարություններ արեց: Լավրովի խոսքով՝ ՌԴ-ն աջակցում է այն դիրքորոշմանը, որը մինչ այդ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԼՂ բնակիչների անվտանգության երաշխիքների հարցերը, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշվեն Ղարաբաղի ու Բաքվի ներկայացուցիչների միջև:

Հետևաբար, Արցախի և Բաքվի միջև բանակցությունները ժամանակ ձգելու հնարավորություն են տալիս Ռուսաստանին,ՌԴ-ն այդպիսով ուզում է ժամանակ ձգել՝ մինչև Ուկրաինայի հետ հարցերը կարգավորվեն, իսկ մինչ այդ լինի ընթացքը, որն իր կողմից կլինի կառավարելի: Մյուս կողմից՝Լավրովը խոսում էր մշակութային ավտոնոմիայի մասին և ասում, թե կարող է իրականանալ, եթե մյուս կողմը պարկեշտ լինի, դրան զուգահեռ՝ակնարկում է, որ Ալիևը չի կատարում իր պարտավորությունները: Լավրովն ուղիղ չի ասում և չի կարող ասել, որ Ալիևն անվստահելի է, փոխարենը՝ ցույց է տալիս, որ Արևմուտքն է անվստահելի՝ որպես օրինակ բերելով Կոսովոն և Դոնբասը:

Ռուսաստանն ուզում է պահպանել միջնորդի իր դերը, միևնույն ժամանակ նշում է, որ առանց Ռուսաստանի իրավիճակը հղի է պատերազմի վտանգով: Լավրովն ասում է՝ պետք է բանակցենք, բայց իմացեք, վերջում կարող է պատերազմ լինել:

2022 թվականից պարզ էր արդեն, որ Ռուսաստանի հակամարտությունը Արևմուտքի հետ է, և հայկական կողմն այլընտրանքային խաղ է խաղում: Լավրովն ուզում է մի կողմի առաջարկածը բավարարել մյուս կողմի հետ բանակցելով:

Լավ է, որ Փաշինյանը սկսել է հիշել Նախիջևանի մասին…Բոլորն են ուզում խաղաղություն, բայց Ադրբեջանն այնպիսի խաղաղություն է ուզում, որը Հայաստանը կվերածի Նախիջևանի:

• Հայտնի չէ՝ Ռուսաստանն ինչ լծակներ գործադրեց, որ Արարատ Միրզոյանը Մոսկվայում խոսեց ՀԱՊԿ-ի դիտորդներ տեղակայելու աշխատանքների մասին:

• Հայկական կողմը Մոսկվայում մի բան է ասում, Բրյուսելում և Պրահայում՝ այլ բան: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ Մոսկվայի, և ոչ էլ Արևմուտքի մոտ վստահություն չկա Հայաստանի իշխանությունների հանդեպ: Տոյվո Կլաարն ասում է այն, ինչ Ալիևն է ասում՝ որ պետք է դրվի անցակետ Լաչինի միջանցքում:

• Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տարբեր կերպ են մեկնաբանում: Կա պայքար և միմյանց նկատմամբ մեղադրանքներ՝ պարտավորությունները չկատարելու վերաբերյալ:

Որպես դիվանագետ և որպես բանակցող՝ դու չես կարող անցնել հաջորդ փուլին, եթե քո նախորդ պայմանավորվածությունները չեն կատարվում: Ինքը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարություն, որը 2 տարի չի կատարվում, ու հիմա նոր փաստաթղթի շուրջ է բանակցում: Երբ դու որպես բանակցող՝ ասում ես, որ այլընտրանք չունես, մյուս կողմը դա լսում է, չէ՞…Ու դու գնում ես միակողմանի զիջումների:

• Բանակցողն առաջին հերթին պետք է խաղը ճիշտ կարդա՝խաղի իմաստը հասկանալու համար: Ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը մեծ խաղեր չի կարող տանել, Փաշինյանն օպորտունիստ է, նրա գործունեության մեջ չկա սկզբունքային մոտեցում, կա իշխանությունը պահելու համար պահի ազդեցության տակ արվող քայլեր: Այո՛, Փաշինյանն ասում է՝ ես օպորտունիստ եմ:

(Օպորտունիստները սովորեն հարմարվել իրավիճակին՝ անձնական շահի համար, ուրիշների հաշվին: Օպորտունիստները պատեհապաշտ են,
ձգտում են կապ պահպանել ազդեցիկ և լավ պատկերավոր մարդկանց հետ՝ օգուտներ ստանալու համար, ուշադրություն են դարձնում հասարակական լավ իմիջ մշակելու վրա: Նրանք շղթայի ամենաթույլ օղակն են փնտրում:
Նրանք օգտվում են հուզական շանտաժից: Օպորտունիստ մարդիկ շատ են խաղում մեղքի որոշակի չափաբաժիններ ներարկելու մեջ այն մարդկանց, ովքեր հակված են արագորեն ստանձնել իրենց մեղքը, որն իրականում նրանց չի համապատասխանում):

• Փաշինյանը դեռ լրագրողական գործունեությունից շանտաժի փորձ ունենալով՝ այսօր շարունակում է նույն ոճով գործել:


• Փաշինյանը մի կողմից ասում էր՝«փլուզվող շենքում ենք գտնվում», մյուս կողմից ասում էր՝«ես սպասում եմ երաշխիքների»: Փորձում է ելք գտնել փլուզվող շենքից: Դա չի աշխատելու: Դու չես կարող երաշխիք ստանալ. Ամեն կողմ գործում է՝ իր շահերից ելնելով: Այո՛, փլուզվում է, բայց դու դա պետք է տեսնեիր սկզբից:

• Փաշինյանի համար հայ ազգը 3 միլիոնանոց ազգ է, նրա համար չկա Սփյուռք: Նա չի տեսնում, որ մենք ավելի շատ ենք, որ մենք ունենք մեծ ռեսուրս, և այդ ռեսուրսը հօգուտ երկրի կարելի է աշխատացնել:

• Վերջին 5 տարում Ադրբեջանը 150 միլիոն եվրոյի զենք է գնել Ֆրանսիայից, իսկ Հայաստանը՝ 4.500 եվրոյի:

Փաշինյանը մեղադրում է ուրիշներին, որ իր մեղքերն իր վրայիցքերի՝ բարդելով ուրիշների վրա: Հիմա էլ մեղադրում է բանակում եղած իբր 5-րդ շարասյանը… Այդպես էր անում Ստալինը 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ՝ գլխատեց Կարմիր բանակը, թուլացրեց երկիրը, նույնն արեց Փաշինյանը մինչև 2020 թվականը՝ 44-օրյա պատերազմից առաջ:

• Երբ դու պարտվածի հոգեբանությամբ ես պատերազմը սկսում, դու արդեն պարտված ես:

• Դու գլխավոր հրամանատարն էիր: Մինչև 44-օրյա պատերազմը 2 տարի ժամանակ ունեիր, իշխանությունը դու ես, եթե կար 5-րդ շարասյուն, ինչո՞ւ չես վերացրել, ինչո՞ւ ոչինչ չես արել, որ չեզոքացնես՝ փաստորեն 5-րդ շարասյան ղեկավարը դու ես եղել:

• Մինչև 44-օրյա պատերազմը երկիրն ես պառակտել՝ սևերի ու սպիտակների բաժանելով մարդկանց, բանակն ես գլխատել, ստացվում է, որ 5-րդ շարասյան ղեկավարն օպորտունիստ Փաշինյանն է:

• Գլոբալիստ-լիբերալիստական արժեքներ կրողների համար առաջին թշնամին ազգայնականներն են: Մենք ունենք իշխանություն, որ կարծում է՝ տարածաշրջանում սեփական ինքնություն ունեցող հասարակություն ձևավորելու առաքելություն ունի, և ուզում է Հայաստանը բերել պոստ-պոստ մոդեռն կարգավիճակի: Դա ուտոպիա է՝ այս տարածաշրջանում ունենալ, ասենք, Սլովակիայի նման երկիր, առանց բանակի: Փաշինյանը լիբերալ-գլոբալիստական ուտոպիայի կրողն է:

• Իրենց մոտ կա գիտակցություն, որ իրենք իշխանության են եկել առնվազն մինչև 2050թ., և մեր ինքնությունը պետք է պարադիգմատիկ ձևով փոխեն:

• Մեզ շրջապատող երկրները կարող են ասել՝ դուք տարածք եք, ազգային պետություն չեք:

• Փաշինյանը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, ինքնուրույն հրաժարական չի տա, դրա համար է ուժեղացնում ուժային կառույցները, դրսից էլ ունի աջակցություն, որովհետև անում է այն, ինչ իրենից պահանջում են:

• Քաղաքական այն գիծը, որ տանում է Փաշինյանը, բխում է և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի շահերից, թեև իրար հետ Ռուսաստանը և Արևմուտքնունեն հակասություններ:

• Ոչ Ռուսաստանը, և ոչ էլ Արևմուտքնանվտանգության երաշխիք տվող չեն, եթե Արևմուտքը երաշխիք տվող լիներ, չէր թողնի, որ Կիպրոսը երկու մասի բաժանված լիներ:

• Մենք շատ դժվար կետում ենք, եթե չկարողանանք ունենալ առաջնորդ, թիմ, որը կկարողանա մոբիլիզացնել ամբողջ ազգին, ոչ թե 3 միլիոնին, այլ ամբողջ հայությանը, մենք վերջակետ կդնենք մեր անկախ պետականությանը: Փաշինյանը դա չի կարող անել: Դա անելու համար նա պետք է մտածելակերպ փոխի, բայց նա պատրաստ չէ մտածելակերպ փոխելուն: Նա կրկին նույն բաներն է անում:

• Փաշինյանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով իրականում տվել է ավելին, քան մենք կորցրել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ:

• Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում նշված է՝ «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Ալիևի մեկնաբանությամբ տեղաշարժի անվտանգություն՝ նշանակում է անցակետ տեղադրել:

• Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ՄԻՋԱՆՑՔ բառը կամ ձևակերպումը, բայց կա մի ձևակերպում՝ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Սա փաստացի նշանակում է միջանցք:

• Ինչո՞ւ մենք չունենք շրջանցող ճանապարհը…Փո՞ղը չի հերիքել, թե՞ ուրիշ պատճառ կա:

• Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել դեռևս մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Երբ Ժիրայր Լիպարիտյանը հանդիպում և բանակցում էր Ադրբեջանի արտգործնախարար Վաֆա Գուլուզադեի հետ, ի դեպ, 11 անգամ: Լիպարիտյանը բանակցում էր առանց Արցախի, և այն, ինչ բանակցվում էր՝ անընդունելի էր Արցախի համար:

• Փաշինյանը մտածում է, որ կարևոր է՝ խաղաղություն լինի, որովհետև, եթե խաղաղություն լինի, ինքը կհասցնի իր առաքելությունն ավարտին հասցնել, կատարել այն նպատակները, որ իր առջև դրել են իրեն իշխանության բերող աշխարհաքաղաքական կենտրոնները: Բայց խաղաղությունը փաստաթղթով չի ստեղծվում:

Տեսանյութեր

Լրահոս