«Եթե ճանապարհը փակ մնա և Սարսանգի ջրամբարի օգտագործումն այսպես շարունակվի՝ Ադրբեջանը կանգնելու է ոռոգման ջրի խնդրի առջև». Թրահել Վարդանյան
Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչատրյանն «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով Սարսանգի ջրային պաշարները խիստ նվազել են:
«Արցախի էլեկտրաէներգիայի միակ աղբյուրն այժմ Սարսանգի ջրամբարն է: Համեմատելով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ ունենք ավելի քան 8 մետր ցածր նիշ: Այսօր ջրամբարում ջրի մուտքը կազմում է 4 մետր վայրկյան խորանարդ, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Թարթառի հոսքը կարող է հասնել մինչև 30, 40, 50 մ/վ խորանարդի։ Ներկա դրությամբ ծախսն ավելի շատ է: Ջրամբարում ջրի ծավալի նիշի բարձր լինելու պարագայում էլեկտրաէներգիա ստանալու համար ավելի քիչ ջուր է ծախսվում: Այդ նիշի իջնելուն զուգահեռ՝ ճնշումը պակասում է, և ավելի շատ ջուր է անհրաժեշտ նույն ծավալով էլեկտրաէներգիա ստանալու համար»,- նշել է Արարատ Խաչատրյանը:
Դեռ 2020 թվականին, երբ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին հանձնվեց Քարվաճառի շրջանը, փորձագետները ահազանգում էին, որ ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը կանգնելու են ջրային ռեսուրսների խնդրի առջև, քանի որ այդ ռեսուրսների մեծ մասը գտնվում է հենց Քարվաճառում։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ դոցենտ, Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի գործադիր կոմիտեի անդամ Թրահել Վարդանյանը խոսելով Սարսանգի ջրային պաշարների նվազման, ջրային ռեսուրսների խնդրի և այդ խնդրին ուղղված անհրաժեշտ քայլերի մասին, ասաց, որ ջրային ռեսուրսների որոշակի ակունքային մասեր՝ Սյունիքի բարձրավանդակի, Վարդենիսի գոտու, գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, բնականաբար, այստեղ էկոլոգիական վտանգի խնդիրն առկա է։
«Այս ամենից զատ, ջրային ռեսուրսների որոշակի հուներ նաև այլ երկրներից են մեր տարածք մտնում։ Այստեղ զուտ թշնամական վերաբերմունքն է, որը պետք է հարթվի։ Բայց բարձրադիր հատվածների ջրբաժանային, ակունքների ջրային ռեսուրսների առումով խնդիր կարող է լինել այն, որ թշնամին կարող է այդ ջրերը թունավորել։ Սակայն քանակական առումով որոշակի բան անելն իրատեսական չէ, այսինքն՝ հունը տեղափոխել՝ այս ու այն կողմ տանել և այլն։
Օրինակ, նույն Թուրքիայից գալիս է Արաքսը, կամ մյուս կողմից գալիս են Ախուրյանի վտակները, սակայն մենք թունավորելու մասին երբեք չենք բարձրաձայնում, որովհետև անվտանգության այդ հարցը կարծես թե լուծված է։ Կարծում եմ՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հետ, պետք է ջրային ռեսուրսների այդ հուների խնդիրն էլ լուծվի, թեպետ այս պահին չգիտենք, թե այն երբ կլինի ու ինչ ընթացք կունենա»,- նշեց Թրահել Վարդանյանը։
Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի ջրի նվազմանը, մեր զրուցակիցը պարզաբանեց՝ ջրամբարն օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար, ինչը, բնականաբար, խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանի համար, այս համատեքստում Ադրբեջանի ծայրամասային հատվածները վաղը-մյուս օրը կարող են ոռոգման ջուր չունենալ։
«Հայկական կողմը կարող է հստակ ասել, եթե ճանապարհը չբացվի ու Սարսանգի ջուրը նվազի, ապա Ադրբեջանը կզրկվի ոռոգման ջրից, որովհետև Սարսանգի ջրամբարից մեր մասով ոռոգում գրեթե չկա, հիմնականում ադրբեջանական տարածքների մասով է, ոռոգումն այնտեղ է գնում։ Ջրամբարի դիրքն այնպիսին է, որ ցածր, սահմանային հատվածում է գտնվում։ Կրկնում եմ՝ եթե ճանապարհը փակ մնա և Սարսանգի ջրամբարի օգտագործումն այսպես շարունակվի, ապա Ադրբեջանը կանգնելու է ոռոգման ջրի խնդրի առջև, որովհետև ջրամբարում ջուր չի մնալու։ Հատկապես ամռանը, ադրբեջանական կողմը այնտեղից ջուր չի ստանա։
Այստեղ արդեն գալիս է հետևյալ խնդիրը՝ Ադրբեջանը լուծում է քաղաքական խնդիր, այդկերպ ուզում է հայաթափել Արցախը, հետևաբար՝ նրան չի հետաքրքրի՝ իր երկրի ստորին հատվածներում ոռոգում կլինի՞, թե՞ ոչ։ Կմտածի, թող իր համար քաղաքական խնդիրը լուծի, այդ տարի էլ ոռոգում չի անի, բայց դրանով փորձում է լուծել ավելի գլոբալ խնդիր՝ Ղարաբաղի հայաթափման խնդիրը։ Մինչև Բերձորի ճանապարհի փակումն Ադրբեջանն այդ ջրամբարից ջուր էր օգտագործում ներքին կարգով զուտ՝ մի քանի անգամ այնտեղ խմբեր են գնացել, համաձայնություններ են եղել։ Հիմա այստեղ արդեն այլ խնդիր է՝ Լաչինի հետ կապված»,- եզրափակեց Թրահել Վարդանյանը։