
ԲԴԽ նախագահի ուշադրությունն եմ հրավիրում. ավագանու անդամ
«Եվս մեկ անգամ հիշեցնեմ Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Կիրովի անվան մանկական այգու մասին: Այնտեղ շարունակվում են անարդարություններ տեղի ունենալ՝ ի դեմս կառուցապատումների, որոնք արդեն իսկ 4-5 գործող շենքեր են, որոնք սրճարաններ են: Ներկա պահին ևս երեք նման կառույց է ավելանում այս այգում»,- Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Լևոն Զաքարյանը՝ հավելելով, որ կարծես ապամոնտաժվում են մանկական կարուսելները, ու այգին շարունակում է վերածվել օբյեկտների վայրի, այլ ոչ թե մանկական զբոսայգու:
«Իմ տեղեկություններով՝ վերջին երեք շինթույլտվությունները քաղաքապետարանը տրամադրել է դատարանի որոշումից հետո, և ես ԲԴԽ նախագահի ուշադրությունն եմ հրավիրում այն դատավորի վրա, ով որոշում է կայացրել և քաղաքապետարանին պարտավորեցրել է տալ շինթույլտվություն կանաչ գոտիների վրա: Այգին վերածվում է ուրիշ բանի, բայց ոչ զբոսայգու»,- նշեց Լևոն Զաքարյանը՝ կոչ անելով ուսումնասիրել վարձակալի հետ կնքված գործող պայմանագիրը։