Ո՞վ է Գևորգ Սիմոնյանի գործով նոր կալանավորված կինը
Ինչպես արդեն 168.am-ը տեղեկացրել էր, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննության շրջանակներում մարտի 10-ին ձերբակալվեց Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: Վարույթի շրջանակներում թեպետ ձերբակալվել էր 11 անձ, սակայն միայն նրանցից 3-ի առնչությամբ էր Հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան:
Արդեն իսկ կալանավորվել էին «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը և առողջապահության նախկին փոխնախարար, գործող փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը: «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կալանավորման 4-րդ միջնորդությունն է ներկայացվել, դատարանն այն բավարարել է: Երկու ամսով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ»-ի փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլյոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։
«Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար… Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ»,- նշված էր Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: