Ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են:

«Փրկարար ծառայողները շրջափակման հետևանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն: Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին ՈւԱԶ մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունն, առավել ևս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում»,- նշված է Արցախի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս