Փաշինյանը անպատասխան թողեց հարցը, իսկ ինքն ուզո՞ւմ է, որ Արցախը ինտեգրվի Ադրբեջանին

Սկզբում հայտարարեցիք, որ որոշակի առաջընթաց եք տեսնում խաղաղության պայմանագրի քննարկումներում, խոսքն ինչի՞ մասին է, և ի՞նչ հարցի շուրջ կողմերը կոնսենսուսի չեն գալիս, կարո՞ղ եք մանրամասնել: Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Արցախի ներկայացուցիչներին հրավիրում է Բաքու, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ:

Այսօրվա ասուլիսին այս հարցերն ուղղվեցին Նիկոլ Փաշինյանին:

«Մեր մասով ես դիրքորոշում արտահայտեցի, կարծում եմ՝ ԼՂ ԱԳՆ-ն արտահայտել է դիրքորոշում, ես դրան ավելացնելու և լրացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Իսկ պայմանագրի առումով, ճիշտ չէ առանձին վերցրած պարբերություն քննարկել, որովհետև այդ պարբերությունն ինքնին, եթե նույնիսկ լինի իդեալական ձևակերպում, դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև այն մյուս պարբերությունների հետ փոխկապակցվածության մեջ է, և հենց առանձին վերցրած տողի կամ պարբերության քննարկումը ինքնին ոչ մի բան կարող է չնշանակել, և ես կարծում եմ, որ այն ընդունված սկզբունքը որ կա,  որ «քանի դեռ պայմանավորված չէ ամեն ինչ, պայմանավորված չէ ոչինչ» սկզբունքը այս դեպքում էլ է գործում: Մեծ հաշվով, այնպես չէ, որ մենք պետք է ստորագրենք պարբերություն առ պարբերություն, եթե այդպես լիներ աշխատանքը ընդունված միջազգային պրակտիկայում, ձեր ասածը իմաստ կունենար մանրամասնել: Պետք է ամեն ինչ սկզբից մինչև վերջ ստորակետի մակարդակով համաձայնեցնենք, որ ստորագրենք: Դրա համար, ես տեսնում եմ, որ կա որոշակի առաջընթաց, և մենք շարունակելու ենք աշխատանքը հնարավոր եզրակացության հասնելու համար, բայց ես ուզում եմ հորդորել, որ եթե պարզվի, որ մենք ունենք փաստաթուղթը, որը պատրաստ ենք ստորագրել, դա վատ լուր չէ, դա լավ լուր է, որովհետև դա նշանակում է, որ կա որոշակի առաջընթաց, որը կարող է բերել երկարատև խաղաղություն և կայունություն: Իսկ այս պահին դետալների մեջ մտնելը, հենց իմ ասած նկատառումներով, ճիշտ չեմ համարում, որովհետև մի ուրիշ նախադասությամբ կարող է այդ դետալի իմաստն այնպես փոխվել, որ այսօրվա իմ հնարավոր ասածը մնա օդում»,- ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը խնդրեց ավելի հստակ պատասխանել՝ Երևանը կո՞ղմ է, որ Ստեփանակերտը գնա Բաքու՝ քննարկումների:

Կարդացեք նաև

«Ես արդեն ասացի, որ իրավունքների և անվտանգության հարցերը մի ամսվա ընթացքում դարձան ինտեգրացիայի մասին խոսույթ. մեր խնդիրն այն է, որ պետք է տեղի ունենա քննարկում, և ժամանակը ու նաև ձեր նշած դինամիկան՝ ոչ դրական, ավելի համոզիչ է դարձնում, որ պետք է միջազգային մեխանիզմ: Այդտեղ էլ երաշխիքի խնդիր կա. գնացին Բաքու՝ հետ կգա՞ն, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանն ո՞վ է տալու: Դա քմահաճույք չէ: Խոսացողը պետք է լինեն ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները, որովհետև այդքան էլ ճիշտ իրավիճակ չէ, երբ Հայաստանը այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ՝ ԼՂ-ից խեթ հայացքներ, կասկածներ՝ վա՜յ, էդ ի՜նչ դավադրություն է, և այդպես շարունակ: Մենք կարծում ենք, որ ԼՂ ժողովրդի ներկայացուցիչներն իրենք պետք է խոսեն, որպեսզի և՛ այդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, և՛ նաև իրենց ակնկալիքների բավարարման, ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան: Դա ճիշտ ճանապարհ է, այլ բան, որ դա պետք է լինի էֆեկտիվ խոսակցություն»,- հարցին ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ է ենթադրում տեսանելի միջազգային երաշխիքներ ասվածը:

«Նույն հարցին նույն կերպ պետք է պատասխանեմ, ինչ երաշխավորների մասով. մեր ընկալումն այն է, որ պետք է լինի միջազգային մեխանիզմ, որը երաշխավորի այդ խոսակցության շարունակականությունը, որովհետև Ադրբեջանն է, երկու անգամ խոսեց, ասեց՝ լավ, հոգնեցի, էլ չեմ խոսում, կամ անվտանգությունը և իրավունքները հանկարծ դարձան ինտեգրացիա, ինտեգրացիայից հետո դարձան մի ուրիշ բան, ի վերջո, ի՞նչ է լինելու:

Նաև այս նկատի ունեմ, որ մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ: Մենք մանդատ չենք տա, պարզ է, բայց նաև մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի փակման առիթով ինչ մեծ միջազգային արձագանք եղավ և շարունակում է լինել: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը տեսնում է սպառնալիքը և նաև իր պատասխանատվությունն է զգում այս իրավիճակի վերաբերյալ: Մենք ասում ենք, որ պետք է լինի այդ միջազգային մեխանիզմը, որը ապահովի այդ խոսակցության շարունակականությունը: Մենք ունենք դրա մասին մեր պատկերացումները և մի քանի առաջարկներ ենք արել: Հիմա ուղղակի էլի նույն նկատառումով կոռեկտ չէ, որ բարձրաձայնեմ այդ առաջարկները: Մենք առնվազն երկու-երեք այդպիսի մեխանիզմ  նկարագրել ենք և պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել: Ընդ որում, այդ մեխանիզմը միաշերտ կարող է չլինել, նույն փաստահավաք առաքելությունը, որի մասին խոսում ենք, դա էլ կարող է լինել այդ միջազգային երաշխիքի կամ մեխանիզմի մաս»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս