Հյուսիսային Կորեան արձակել Է փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ՝ ի պատասխան Սեուլ-Վաշինգտոն զորավարժությունների
Հարավային Կորեայի զինվորականներն այսօր արձանագրել են փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակում ԿԺԴՀ-ի կողմից։
Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն հայտարարել է, որ հրթիռներն արձակվել են Հվանհաե-Նամդոյի նահանգի Չանյոնի շրջանից դեպի Ճապոնական ծովի կողմը՝ տեղական ժամանակով 07:41-ից մինչև 07:51-ը (Երևանի ժամանակով 02:41-ից մինչև 02:51-ը) ընկած ժամանակամիջոցում:
Ինչպես նշում Է Yonhap գործակալությունը, նախկինում այդ շրջանից բալիստիկ հրթիռների արձակումներ չեն գրանցվել։ Գործակալությունն ավելի ուշ հստակեցրել է, որ արձակված հրթիռները թռել են մոտ 620 կմ և ընկել են Ճապոնական ծովը: Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինվորականները շարունակում են վերլուծել տեղեկատվությունը։
«Բալիստիկ հրթիռների շարունակական արձակումները լուրջ սադրանք են, որը խաթարում է ոչ միայն Կորեական թերակղզու, այլև մոլորակի խաղաղությունն ու կայունությունը: Նրանց կոչ ենք անում անհապաղ դադարեցնել դա», – հայտարարել են Շտաբների պետերի կոմիտեում:
Մարտի 12-ին Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները սկսել են Freedom Shield համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Ինչպես հայտարարել են Սեուլում, համատեղ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ և «հիմնված են Հյուսիսային Կորեայի հնարավոր ագրեսիայից Կորեայի Հանրապետության պաշտպանության օպերատիվ ծրագրերի վրա»: Հյուսիսային Կորեան դատապարտել է այդ զորավարժությունները՝ դրանք որակելով որպես իր դեմ պատերազմի փորձ:
Փհենյանը զորավարժությունների շրջանակներում մարտի 12-ին սուզանավից երկու ռազմավարական թևավոր հրթիռ էր արձակել։